Գործարար տատին սպանելու, դին այրելու մեջ մեղադրվող երիտասարդի պաշտպանի բողոքը մերժվել է
Գործարար տատին սպանելու մեջ մեղադրվող Ալբերտ Մոմջյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավճիռը, որով Ալբերտ Մոմջյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 21 տարվա ազատազրկման:
Իր բողոքում պաշտպանը նշել էր, որ մեղսագրվող արարքում ամբաստանյալի մեղքն ապացուցված չէ, վերջինիս մեղսագրված արարքին նախաքննության մարմինը սխալ քրեաիրավական գնահատական է տվել, նման գնահատումը չի բխում գործով ձեռք բերված ապացույցներից։ Մեղադրանքը հիմնավոր չէ, փաստական հանգամանքները խեղաթյուրված են, իսկ ապացույցները գնահատված չեն համակցության մեջ։ Պաշտպանը նշել է, որ Ալբերտ Մոմջյանը նախաքննության և դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել և հայտնել, որ իր և տատի միջև ավտոմեքենայի շուրջ վեճ է եղել, որի ընթացքում վերջինս նվաստացրել է իրեն, հայհոյել մորը, ինչից կորցնելով տիրապետումը՝ աչքերի դեմը մթնել է, և հիշում է միայն, որ հրել է իր վրա հարձակված Ս.Գալստյանին։ Երբ սթափվել է, տեսել է, որ տատն ընկած է գետնին անգիտակից վիճակում, բարձրացրել և պառկեցրել է մահճակալի վրա, որից հետո միայն հասկացել է, որ Ս.Գալստյանը մահացել է։ Ինքը չի ցանկացել Ս.Գալստյանին սպանել, և այդ ամենը ստացվել է պատահաբար հրելու հետևանքով։ Փաստաբանը միջնորդել է Ալբերտ Մոմջյանի արարքը որակել՝ որպես անզգուշությամբ մահ պատճառել, և նրան ենթարկել պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
Ալբերտ Մոմջյանը չի ընդունել տատի ոսկյա զարդերը գողանալու համար իրեն առաջադրված մեղադրանքը` պատճառաբանելով, որ դրանք վերցրել և վարկային կազմակերպություններում գրավադրել է նրա գիտությամբ և համաձայնությամբ։
Նշենք, որ Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամանակավորապես բնակվելով իր տատ Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատ Ս. Գալստյանին ու վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերը` իր մեքենայով, Ս. Գալստյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել: