«Շատ դժվար է՝ խոշտանգողի պաշտպան լինելուց հետո անցնել դեպի մեղադրական կողմ». Զարուհի Փոստանջյանը՝ Արման Թաթոյանի մասին

«Կարծում եմ՝ բոլորիս  կենսագրությունները ձեզ մատչելի են, հավանաբար, Նարեկ Ալոյանը նույնպես իր կենսագրական տվյալները ներկայացրել է, դուք պետք է ինքներդ ծանոթանաք և գնահատեք՝ ով ինչ աշխատանքային փորձ ու կարողություններ ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՄԻ պաշտպանի թեկնածուների մասին՝ այս մասին ասաց թեկնածուներից Զարուհի Փոստանջյանը:

Խոսելով Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի մասին՝ Զ. Փոստանջյանը նշեց, որ միգուցե կարող ես ՄԻՊ կառույցում որպես փորձագետ աշխատել, բայց ոչ որոշում կայացնող լինել. «Շատ կարևոր է՝ դու քո մասնագիտական և  աշխատանքային գործունեության ժամանակ որոշում կայացնող եղե՞լ ես, թե՞ եղել ես որպես կատարող: Ես շուրջ 9 տարի եղել եմ փաստաբան և որոշում կայացնող եմ եղել:  Մենք իրեն որպես որոշում կայացնողի չգիտենք, դեռ ավելին՝ կարող եմ ասել, որ նա շուրջ երեք տարի, լինելով Արդրադատության փոխնախարար, նաև եղել է մեր պատասխանող կողմի ներկայացուցիչը, այսինքն՝ ՀՀ ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Փաստորեն, խոշտանգողի փաստաբանի դերում է հանդես եկել երեք տարի: Շատ դժվար է՝ խոշտանգողի պաշտպան լինելուց հետո անցնել դեպի մեղադրական կողմ: Այսօր Հայաստանում կան քաղաքական հայացքների համար բազմաթիվ դատապարտվածներ, ես չեմ տեսել, որ Արման Թաթոյանը երբևէ խոսի այդ մասին»:

Հիշեցնենք, ՄԻ պաշտպանի թեկնածուներն են «Ժառանգություն» կուսակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը և ԲՀԿ-ի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս