Գյումրու սոված-ծարավ արջերը զարմացել են Երևանում առաջարկվող սննդատեսակներից
«Ասպարեզ» օրաթերթի թղթակիցը այցելել է Գյումրուց «արտագաղթած» Մաշա եւ Միշա արջերին։ Վերջիններս հունվարի 23-ից գտնվում են Երեւանի կենդանաբանական այգում, որոնց համար կազմվել է հատուկ սննդակարգ։
– Սննդատեսակները պարբերաբար ենք ավելացնում, քանի որ ի սկզբանե արջերը լավ չեն սնվել, դրա համար ավելացումները պետք չէ մի անգամից անել։ Առաջին շաբաթում նրանք կերել են միս եւ ձուկ, իսկ մրգերից՝ խնձոր, բանջարաեղենից՝ գազար։ Փորձել ենք նաեւ այլ սնունդ տալ, բայց նրանք հրաժարվել են,-ասում է Երեւանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը։
Գյումրու սոված-ծարավ արջերի սննդակարգը պարբերաբար ընդլայնվում է։ Երկրորդ շաբաթվա ընթացքում սննդակարգին ավելացվել է ցորենի թեփով շիլա, որն իր մեջ պարունակում է նաեւ միս։
-Դդում էլ ենք ավելացնելու։ Կարտոֆիլից, ճակնդեղից եւ կաղամբից հրաժարվել են։ Հրաժարվում են, որովհետեւ սովոր չեն նման սննդակարգի։ Ես չգիտեմ, թե նրանք ինչ են կերել Գյումրիում։ Աղբ են կերել, իսկ սրանք տարօրինակ ու յուրահատուկ են նրանց համար,-հավելում է գլխավոր կենդանաբույծը։
Նշեմ, որ զգալիորեն նկատելի են փոփոխությունները՝ Գյումրիում գտնվելու ժամանակահատվածում եւ տեղափոխվելուց մոտ 15 օր անց։ Մասնավորապես, տեսանելի է մազափոխանակությունը եւ ակտիվությունը։
Առատ սննդակարգի ապահովվումից զատ, աշխատանքներ են տարվում արջերի օրը հետաքրքիր դարձնելու համար։ Իմ այցելության պահին Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները փայտե կոճղերի մեջ, համապատասխան անցքերում գետնանուշ էին տեղադրում, որպեսզի արջերը ինքնուրույն փնտրեն եւ ուտեն։ Սա, ըստ մասնագետների, արվում է նրա համար, քանի որ այգու կենդանիներին սնունդը մատուցվում է պատրաստի, իսկ բնականոն կյանքում նրանք ինքնուրույն են հայթայթում։
Շարունակությունն` այստեղ