
Մոսկվայի ռեստորաններից մեկում տորթ են նետել ՌԴ նախկին վարչապետի վրա

Ընդդիմադիր «Պառնաս» կուսակցության նախագահ, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը հայտնել է, որ Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում հարձակման է ենթարկվել: Կասյանովի խոսքով՝ հարձակվողները սպառնալիքներ են տեղացել իր հասցեին ու իր վրա տորթ են նետել:
«Մոսկվայի կենտրոնում անհայտ, ոչ սլավոնական արտաքինով մոտ 10 մարդ վրաս տորթ են նետել, սպառնալիքներ բղավել, ինչից հետո մեքենաներով հեռացել են»,- պատմել է ընդդիմադիր գործիչը Interfax-ին:
Հարձակումից հետո Կասյանովը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն: «Ես հայտարարություն եմ գրել հարձակվողներին պատասխանատվության ենթարկելու ու իմ կյանքին ու անվտանգությանն ուղղված սպառնալիքների համար»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կասյանովն ու նրա տեղակալ Վլադիմիր Կարա-Մուրզա Կրտսերը հայտարարություն են ներկայացրել Անվտանգության դաշնային ծառայություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նկատմամբ: