Բաժիններ՝

Քլինթոնն ընդունեց պարտությունը Նյու Հեմփշիրում, Թրամփը հաղթանակ Է տոնում

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդունել է իր պարտությունը Դեմոկրատական կուսակցությունից 2016 թվականին երկրի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու պայքարում Նյու Հեմփշիրի նահանգում կայացած նախնական ընտրություններում: Փետրվարի 9-ի երեկոյան, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ, նա իր մրցակցին՝ սենատոր Բեռնի Սանդերսին, շնորհավորել է հաղթանակի առթիվ եւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն:

Քլինթոնը խոստացել է «շարունակել պայքարը յուրաքանչյուր նահանգում յուրաքանչյուր ձայնի համար եւ աշխատել, որպեսզի իրականացվեն այն վերափոխումները, որոնք պահանջում են ամերիկացիները»: Նա վստահություն է հայտնել, որ վերջնական արդյունքում հաղթանակ կտանի փրայմերիզների փուլում եւ իր կուսակցության թեկնածուն կդառնա ընդհանուր ընտրություններում:

Տրիբունայում նրա կողքին էին ամուսինը՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, եւ դուստրը՝ Չելսին, որոնք օգնում են նրան Սպիտակ տան համար պայքարում:

Ինչպես հայտնի է դարձել CNN հեռուստաընկերությանը, ճառով հանդես գալուց առաջ Քլինթոնը զանգահարել է Սանդերսին՝ անձամբ շնորհավորելու նրան հաջողության առթիվ: Նյու Հեմփշիրի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Սանդերսը հավաքել է դեմոկրատ ընտրողների ձայների 58 տոկոսը, իսկ Քլինթոնը՝ միայն 40 տոկոսը:

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրի նահանգում անցկացված նախնական ընտրություններում զգալի առավելությամբ առջեւից է ընթանում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուների շրջանում: Նախնական տվյալներով՝ նա հավաքում է հանրապետականների կողմնակիցների ձայների 34 տոկոսը: Երկրորդ տեղում Օհայոյի նահանգի նահանգապետ Ջոն Քեյսիկն է՝ 16 տոկոս ձայներով: Առաջատարների եռյակը եզրափակում է Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը (12 տոկոս), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս