
Դաշնակցությունը ստացավ ուզածը՝ 3 պորտֆել. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ՀՅԴ երկարատեւ բանակցություններից հետո Դաշնակցությունն ի վերջո ստացել է այն, ինչ ցանկանում էր: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ին կառավարությունում նախարարական երեք պորտֆել կտրվի: Խոսքը արդարադատության, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարության մասին է՝ առանց արտակարգ իրավիճակների:
Բանակցությունների ընթացքում մի պահ որոշվել էր արդարադատության նախարարության փոխարեն ՀՅԴ-ին հանձնել էկոնոմիկայի նախարարությունը: Ավելին, ըստ հավաստի տեղեկությունների, էկոնոմիկայի գործող նախարար Կարեն Ճշմարիտյանն արդեն իրերն էր հավաքել՝ իր կաբինետը ՀՅԴ-ական Մինասյանին զիջելու համար: Համառ պայքարից հետո, սակայն, դաշնակցությունը, փաստորեն, հասավ իր ուզածին:
Դաշնակցությունը, հիշեցնենք, համառ պայքար էր մղում նաեւ կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը ստանալու համար:
ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ ԿԳ նախարարի պոստը թերեւս արդեն չորրորդ անգամ կհանձնվի Լեւոն Մկրտչյանին: Իսկ ԿԳ դեռեւս գործող նախարար Արմեն Աշոտյանը, ըստ նույն աղբյուրների, կամ դեսպան կնշանակվի, կամ էլ՝ կզբաղեցնի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը թափուր է 2014 թվականի ապրիլից, երբ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:
Եվ վերջապես, տարածքային կառավարման նախարար է նշանակվելու Դավիթ Լոքյանը, որը, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:
Ի դեպ, երեկ դաշնակցական պատգամավորներն այդպես էլ ԱԺ-ում չհայտնվեցին: Նրանք նաեւ հեռախոսազանգերին չէին պատասխանում: Սույն թեմայով մեկնաբանություններ անելիս ժլատ էին նաեւ ՀՀԿ-ականները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: