
Բրյուս Ուիլիսը և Դեմի Մուրը ամուսնալուծությունից 16 տարի անց սիրող ամուսինների են մարմնավորելու նոր ֆիլմում

Հոլիվուդյան աստղեր Բրյուս Ուիլիսը եւ Դեմի Մուրը ամուսնալուծությունից 16 տարի անց պատրաստվում են վերամիավորվել, բայց միայն էկրանի վրա: Ինչպես փետրվարի 8-ին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները, նախկին ամուսինները մտադիր են գլխավոր դերերը խաղալ Հոլիվուդի նոր ընդգրկուն նախագծում, որի մանրամասները դեռեւս գաղտնի են պահվում:
Ըստ լրագրողների տվյալների՝ Ուիլիսը եւ Մուրը ներկայում ծանոթանում են իրենց առաջարկված ֆիլմի սցենարին, որի հիմքում սիրող եւ հավատարիմ ամուսինների հարաբերություններն են: Նկարահանման հարթակում զույգի վերամիավորման մասին նորույթը, ինչպես նշել են ԶԼՄ-ները, յուրատեսակ նվեր Է դերասանների երկրպագուներին փետրվարի 14-ին նշվող Սիրահարների օրվա առթիվ:
Վերջին ժամանակներս 53-ամյա Մուրը հազվադեպ է նկարահանվում՝ ժամանակի մեծ մասը նվիրելով իր երեխաներին. 60-ամյա Ուիլիսը նկարահանման հարթակներում ավելի հաճախ է երեւում: Մասնավորապես, վերջերս նա համաձայնություն է տվել մասնակցելու «Ամուր կաղին» մարտաֆիլմի շարունակությանը:
Վերջին անգամ Դեմին եւ Բրյուսը միասին աշխատել են «Մահացու մտքեր» ֆիլմում, որն Էկրան է բարձրացել 1991 թվականին, երբ նրանք դեռ օրինակելի ամուսնական զույգ էին: Դերասաններն ամուսնացել են 1987 թվականին: 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցան երեք դուստր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: