
Մենք դեռ կխաղարկենք Ղարաբաղի խաղաքարտը. «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ վերլուծելով Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը ու հակամարտությունների կարգավորման հարցում վերջինիս պահվածքը, հայտարարել է, որ Ռուսաստանը կխաղարկի Ղարաբաղի խաղաքարտը:
«Այն, ինչ դու տեսնում ես քո թիկունքի հետևում, հնարավորություն է: Թիկունքում ունենալով Օսիան, Աբխազիան, Ղրիմը, Դոնեցկը, Մերձդնեստրը, Ղարաբաղը… Մենք դարձյալ կխաղարկենք Ղարաբաղի խաղաքարտն այնպես, որ դա նրանց քիչ չի թվա:
Այնտեղ թող Իլհամ Հեյդարովիչն իր թուրք ընկերների հետ հիշի, որ մենք կարող ենք այնտեղ լարվածություն առաջացնել, երբ ցանկանանք: Մենք այդ խաղաքարտը դեռ կխաղարկենք, մեզ համար բացարձակ միևնույնն է տեղի բնակչությունը, դուք դա մոռացեք: Մենք մեր հայրենասիրական, աշխարհաքաղաքական խնդիրները լուծում ենք նաև ահա նման եղանակով»,- ասել է «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիրը:
«Հնարավոր է, ես ևս մեկ անգամ եմ ասում, անգամ եթե գոյություն ունի 10 տոկոս հնարավորություն, դա լուրջ 10 տոկոս է, ծանրակշիռ 10 տոկոս»,- հայտարարել է նա: