Միքայել Մելքումյանը՝ ԵՏՄ նախարարի հայտարարության մասին. «Հատուկ դեդեկտիվ ժանրից բան չեմ տեսնում»
«ԱԱՀ-ի խնդիրը կար, որ պետք է ինչ-որ տեղ վճարվի՝ կա՛մ սահմանի վրա, կա՛մ այստեղ, և պետք է կարգավորվեր: Բնական է, որ երկու տեղ ԱԱՀ-ի գանձումը չի կարող նորմալ երևույթ լինել: Խնդիրն առաջանում էր, երբ քաղաքացին չէր կարողանում ցույց տալ, որ այնտեղ չի վճարել ԱԱՀ: Այդ խնդիրը տեխնիկական էր, որ պետք է լուծվեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայայի հայտարարությունը, որ ՀՀ-ում անօրինական հարկ է գանձվում, մասնավորապես՝ ՀՀ իշխանությունները 20 % ԱԱՀ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, ինչը հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:
Հիշեցնենք, որ Տ. Վալովայան նշել էր, թե ԵՏՄ ներսում ոչ-տարիֆային պատնեշներ դե յուրե չկան, իսկ ԵՏՄ պայմանագրում հստակ գրված է՝ միության անդամ երկրները չեն կարող միմյանց նկատմամբ կիրառել ոչ-տարիֆային պաշտպանության միջոցներ, մինչդեռ բավականին հաճախ են հայտնաբերվում նման պատնեշներ, և դա տեղի է ունենում այն պատճառով, որ կա՛մ պետությունները ամբողջովին, հստակ չեն կատարում որոշումները, կա՛մ ինչ-որ մակարդակում ԵՏՄ-ում հստակ չէ իրավակիրառական պրակտիկան:
Հարցին, թե ինչո՞ւ հիմա ԵՏՄ նախարարն անդրադարձավ այս խնդրին, Մ.Մելքումյանը պատասխանեց, որ երևի այդ պրակտիկան պետք է մի որոշ ժամանակ անցումային փուլ անցնի, որ տեսնեին, թե պրոցեսն ինչպես է ընթանում, նոր եզրակացություն անեին. «Հատուկ դեդեկտիվ ժանրից բան չեմ տեսնում, որ հենց էս պահին խոսեց: Ի՞նչ կա այս պահին: Այսինքն՝ միառժամանակ նայում են, եթե տեսնում են, որ խնդիրը չի կարգավորվում, նոր արձագանքում են»: