
Ռուսաստանի կողմից Սիրիայի մի մասը բռնազավթելու հայտարարությունները աբսուրդ են. Պեսկով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն իբր բռնազավթել է Սիրիայի մի մասը, աբսուրդ են միջազգային իրավունքի տեսանկյունից: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանի հայտարարություններին (անցած կիրակի Էրդողանը հարցազրույց էր տվել Bloomberg գործակալությանը), այն մասին, որ Ռուսաստանն բռնազավթել է Սիրիայի մի մասը, իրավական ու միջազգային իրավունքի տեսակետից սխալ են, դրանք աբսուրդ են»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը գտնվում են Սիրիայում երկրի լեգիտիմ ղեկավարության հրավերով: «Համապատասխանաբար, ինչ-որ բռնազավթման մասին խոսք գնալ չի կարող ո’չ դե-յուրե, ո´չ դե-ֆակտո»,- հավելել է նա:
Ինչ վերաբերում է Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների կարգավորմանը, ապա Պեսկովը ասել է, որ ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները գտնվում են վերջին տասնամյակում վատագույն վիճակում, սակայն դրանք նորմալացնելու հնարավորություն դեռ չկա:
«Հարաբերությունները ներկայում գտնվում են վերջին մի քանի տասնամյակների վատագույն վիճակում: Մենք շատ ենք ափսոսում դրա համար, սակայն միանշանակ փաստում ենք, որ Ռուսաստանը այդ վիճակի մեղավորը չէ»,- ասել է Պեսկովը: