
Ուկրաինացիներն ամերիկյան զենքով կնվաճեն ողջ Ռուսաստանը. Սահակաշվիլի

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին վստահ է, որ ուկրաինացի զինվորները կարող են «նվաճել ողջ Ռուսաստանը», եթե նրանց տրամադրվի ժամանակակից ամերիկյան սպառազինություն:
Ուկրաինական «24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սաակաշվիլին հայտարարել է, թե Ուկրաինայի բանակն ունի միայն խորհրդային հնացած տեխնոլոգիաներ ու դիմել է Վաշինգտոնին՝ խնդրելով ավելացնել Կիևին տրամադրվելիք ռազմական օգնության ծավալը, հայտնում է LifeNews-ը:
«Ուկրաինայի գլխավոր խնդիրը հնացած հակատանկային սպառազինությունն Է: Ավելի նորը կա ԱՄՆում, եթե ԱՄՆ-ն այն տրամադրի և Ուկրաինան պայթեցնի առաջին 50 ռուսական տանկերը, ամեն ինչ բոլորովին այլ կերպ կլինի»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ականատես եղավ ուկրաինացի ժողովրդի մեծ պայքարին: «Նրանք տեսան, որ Ուկրաինան կարող է հետևել ժողովրդավարական արժեքներին, որոնք ԱՄՆ-ի համար առաջնային են: Ուկրաինացի զինվորների ոգին լավագույնն է աշխարհում ու եթե նրանց տրվի անհրաժեշտ գիտելիքներ, փորձառություն ու զենք, կկարողանան ողջ Ռուսաստանը նվաճել»,- հայտարարել է Սաակաշվիլին: