«Կդիմենք Պուտինին էլ, Նազարբաևին էլ, Լուկաշենկոյին էլ, ասելով՝ սա ի՞նչ է նշանակում». Հրանտ Բագրատյանը՝ Տիգրան Սարգսյանի նշանակման մասին
«Բացասական եմ վերաբերվում Տիգրան Սարգսյանի նշանակմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, քանի որ Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի` 2015թ. դեկտեմբերի 21-ի նիստում նա նշանակվել էր Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում:
Հ. Բագրատյանի խոսքով՝ չի կարելի նման պաշտոններ առաջարկել «կոռուպցիայի մեջ թաղված մի անձնավորության, որը ձախողեց Հայաստանի տնտեսությունը, հայտնի է օֆշորային սկանդալներով, հայտնի է «Նաիրիտի» անհասկանալի պատմությամբ».
«Մարդ, ով հայտնի է իր կոռուպցիոն հակվածությամբ, ով նույնիսկ փորձում է նման սկանդալների մեջ քաշել իրեն նշանակող ղեկավարներին՝ նախագահին, հանկարծ հայտնվում է ԵՏՄ-ում: Ավելին, դա վրդովմունք է առաջացրել մտավորականների մի լուրջ շերտի մոտ, և, ամենայն հավանականությամբ, մենք կդիմենք Պուտինին էլ, Նազարբաևին էլ, Լուկաշենկոյին էլ՝ ասելով՝ սա ի՞նչ է նշանակում, բա դուք ասում եք՝ կոռուպիայի դեմ եք պայքարում»:
Պատգամավորի համոզմամբ՝ Տ. Սարգսյանը դրա մասնագետը չէ, բայց նա «սովոր է չլինել մասնագետ՝ իրեն գործի նշանակեն».
«Ինչպես տարան, նշանակեցին դեսպան, երբ մարդը չէր ապացուցել, որ փայլուն անգլերեն գիտի: Սա նախանձի դրսևորում չէ, ես այդ ԵՏՄ-ում երբեք հակում չունեմ լինելու, գիտեմ, որ կային այլ թեկնածուներ, և ինձ զարմացնում է հանրապետության նախագահի մոտեցումները, վերջին նստաշրջանում նա կատարում է որոշումներ, որոնք իրականությունից հեռու են, ու տպավորություն է ստեղծվում է, որ ՀՀ նախագահը կապն իրականության հետ կորցրել է»: