«ԼՂ հակամարտությունն ունի միայն խաղաղ լուծում». Շվեդիայի ԱԳ նախարար

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ լուծում պետք է գտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը:

Նա տեղեկացրեց, որ իր հայաստանցի պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտությունը: Վալստրյոմն ասաց, որ իր առաջին այցը ՀՀ իրեն հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ, թե ինչպես է Հայաստանում ընկալվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, ինչ ցանկություններ և անհանգստություններ կան այս առնչությամբ: Շվեդիայի ԱԳ նախարարը վստահեցրեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Անհրաժեշտ է անել հնարավորը, որպեսզի հակամարտությունը չլարվի: Լիահույս ենք, որ դա տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: Հուսով ենք, որ սա կլինի Մինսկի խմբի հովանու ներքո: Պետք է ակտիվորեն ջանալ այս հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար»,- ընդգծեց նախարարուհին:

 

Տեսանյութեր

Լրահոս