«Շվեդիան ՀՀ-ԵՄ հավակնոտ համաձայնագրի կողմնակիցն է». Շվեդիայի ԱԳ նախարար
«Հայաստանում ենք՝ աջակցելու ՀՀ-ԵՄ վերսկսված բանակցային գործընթացին»,- անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը:
Նա ուրախությամբ մատնանշեց ՀՀ-ԵՄ վերսկսված բանակցությունների փաստը: Ավելին, նա ասաց, որ Շվեդիան՝ լինելով ԱլԳ հիմնադիրներից, այն երկրների ցանկին է դասվում, որն «Արևելյան գործընկերության» պատմության ողջ ընթացքում առաջ է մղել ծրագիրը, հորդորել, որպեսզի այն լինի ԵՄ օրակարգի առաջնագծում: «Մենք հավակնոտ համաձայնագրի կողմնակիցն ենք»,- ասաց շվեդ նախարարուհին` հորդորելով վստահել և հույսեր կապել Շվեդիայի հետ այդ հարցում:
«Կարծում եմ` առաջիկայում տեսնելու ենք անհատականացված մոտեցումներ այս ծրագրի շրջանակում, կունենանք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով առաջնորդվող հարաբերություններ: Սա իրենից ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրելու մեր գործընկերների հետ հարաբերություններում: Մենք այստեղ ենք՝ օգնելու համար, ուստի այստեղ ենք՝ հասկանալու համար` ինչ է կատարվում»,- ասաց Շվեդիայի ԱԳ նախարար Վալստրյոմը՝ ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: