Բաժիններ՝

Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը չի բացառել իր առաջադրումն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում

Միլիարդատեր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հաստատել է, որ մտածում է իր թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրելու մասին: Financial Times-ին տված հարցազրույցում Bloomberg գործակալության հիմնադիր ու սեփականատեր Բլումբերգը հարցին, թե արդյոք մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին, պատասխանել է, որ «դիտարկում է բոլոր տարբերակները»:

Առաջին անգամ նրա հնարավոր մասնակցության մասին հայտնի դարձավ հունվարի վերջին, երբ այդ մասին գրեց New York Times թերթը:

Ենթադրվում է, որ Բլումբերգը կառաջադրվի որպես անկախ թեկնածու, անձամբ կֆինանսավորի իր նախընտրական արշավը ու կփորձի արժանանալ այն ընտրողների ձայնին, որոնց դուր չեն գալիս ո´չ չափազանց պահպանողական հանրապետականներ Դոնալդ Թրամփն ու Թեդ Կրուսը, ո´չ սոցիալիստ Բեռնի Սանդերսը դեմոկրատներից:

Բլումբերգը, ամենայն հավանականությամբ, պայքարի մեջ չի մտնի, եթե դեմոկրատներից առաջադրվի ավելի չափավոր Հիլարի Քլինթոնը:

«Ես լսում եմ, թե ինչ են խոսում թեկնածուները, նայում եմ, թե հետո ինչպես են քվեարկում ընտրողները փրայմերիզին: Կարծում եմ՝ քննարկումների ու դատողությունների մակարդակը մտահոգիչ կերպով անհետաքրքիր է, վրդովվեցուցիչ ու վիրավորական ընտրողների համար»,- կարծում է Բլումբերգը:

Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 36,4 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս