«Ինձ չի էլ հետաքրքրում՝ ով կլինի օմբուդսմենը». Վարդան Հարությունյան

«Օմբուդսմենի աթոռին կնստի նա, ում կհովանավորի Հայաստանի իշխանությունը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուների մասին:

Հիշեցնենք, որ արդեն հայտնի են մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներից երեքի անունները՝ «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը, ԲՀԿ-ական Մակար Եղիազարյանը և Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:

Վ. Հարությունյանի խոսքով՝ որևէ տրամաբանություն ունեցող մեկը չի կարող վստահորեն պնդել, որ Հայաստանում կարող է ոչ իշխանական ներկայացուցիչ լինել օմբուդսմենի կամ պատգամավորի աթոռին:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ վստահ եք, որ Արման Թաթոյա՞նն է նշանակվելու, Վ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ճիշտն ասած, հիմա արդեն օմբուդսմենի ինստիտուտն այնքան է արատավորվել՝ նաև այս վերջին գործընթացների հետ կապված, որ ինձ չի էլ հետաքրքրում՝ ով կլինի, որովհետև իշխանությունները, փաստորեն, փորձում են օմբուդսմենի գրասենյակը դարձնել գործադիր իշխանության ենթակա մի մարմին, և այդ ուղղությամբ նրանք երկար տարիներ աշխատում էին, իսկ հիմա արդեն աշխատում են բավականին հախուռն և հանդուգն ու այն դարձնելու են մի սովորական համայնքապետարանի կարգի մի կառույց, որը պետք է հրապարակի այնպիսի զեկույցներ, ինչպիսին հաճո է իշխանությանը, և լրջորեն քննարկել մրցակցության խնդիր, այլ թեկնածուների հնարավորությունները, նշանակում է՝ այս  գործընթացին տալ լեգիտիմություն: Ես չեմ ուզում գործընթացին լեգիտիմություն հաղորդել»:

 

Տեսանյութեր

Լրահոս