Մարդու իրավունքների պաշտպանի 3 թեկնածուներից ոչ մեկն էլ ամբողջովին չի համապատասխանում օմբուդսմենի չափանիշներին
168.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
– Պարոն Սաքունց, ինչպես հայտնի է, արդեն կան մարդու իրավունքների պաշտպանի 3 թեկնածուները («Ժառանգություն» կուսակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը, ԲՀԿ-ական Մակար Եղիազարյանը և Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը), որոնցից երկուսը կուսակցական պատկանելություն ունեն, իսկ մեկն էլ ՀՀ Արդարադատության փոխնախարարն է ու առաջադրվել է իշխող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի կողմից: Դուք այս երեք թեկնածուներից ո՞ւմ եք տեսնում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:
– Իշխանության ներկայացուցիչն աննախադեպ է, ու դա ամենևին չի համապատասխանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախության չափանիշներին ու նաև՝ մեր սահմանադրական նորմով սահմանված՝ Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ճանաչված լինելու չափանիշին: ԲՀԿ-ի ներկայացուցչին ընդհանրապես չեմ ճանաչում, առնվազն մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում որևէ կերպ ճանաչված անձ չէ: Զարուհի Փոստանջյանի միակ խնդիրը կուսակցական պատկանելության հարցն է, կուսակցական պատկանելության հանգամանքը բավական խոչընդոտող հանգամանք է հանդիսանում անկախության տեսակետից, բայց մյուս կողմից էլ՝ որպես անձ, ով հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, դրա համար կարելի է արձանագրել, որ այդ երեք թեկնածուներից առավել ճանաչվածն ինքն է: Անկախության տեսակետից, իհարկե, առավել նպատակահարմար կլիներ ոչ կուսակցական անձի՝ որպես թեկնածուի առաջադրումը:
– Բացի կուսակցական պատկանելությունից՝ նաև տեսակետներ են հնչում, որ Զարուհի Փոստանջյանը կոնֆլիկտային անձ է, ունի շատ սուբյեկտիվ դիրքորոշում, դա չի՞ կարող խանգարել նրան օմբուդսմենի պաշտոնում:
– Ես չգիտեմ՝ կոնֆլիկտային ասելով՝ ինչ նկատի ունեն, բայց եթե Հայաստանի Հանրապետության նման երկրում մարդու իրավունքների խնդիրը բաձրացնելը համարվում է կոնֆլիկտ, ապա ավելի շատ պետք է հասցեագրել դա իշխանություններին, որոնք այդ խախտումները կատարողներն են, ու, երբ խնդիրներ ես բարձրացնում Մարդու իրավունքների բնագավառում, ապա դա սուբյեկտիվ ձևակերպումներով՝ կարող են համարել՝ որպես կոնֆլիկտի հրահրման պատճառ, բայց իրականում այլ կերպ, քան բավական խիստ, հստակ և պահանջատեր սկզբունքով բարձրացնել Մարդու իրավունքների խախտման փաստերը, չի կարելի: Դիվանագիտական վարվելակերպը Մարդու իրավունքների ինստիտուտի նկատմամբ որպես պահանջ չի կարելի ներկայացնել:
– Թեկնածուներից մեկն իշխանության ներկայացուցիչն է, մեկը՝ ընդդիմության, ստացվում է՝ ոչ մեկն էլ փաստացի օբյեկտիվ չեն կարող լինել:
– Եթե քաղաքական պատշաճ մշակույթ ձևավորված լիներ, ապա բոլորն էլ պետք է ելնեին ոչ թե՝ ըստ կուսակցական պատկանելության, այլ՝ ըստ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի չափորոշիչների. առաջինը՝ ճանաչված անձ, երկրորդը՝ ինստիտուտի անկախության սկզբունքի տեսակետից, բայց քանի որ չկա այդ քաղաքական մշակույթը, հիմա, ցավոք սրտի, ամեն կուսակցություն իր նպատակահարմար անձն է ներկայացնում, բայց բնական է, որ այդ երեք թեկնածուների մեջ առավել համապատասխանը Զարուհի Փոստանջյանն է:
– Ըստ Ձեզ՝ Զարուհի Փոստանջյանը կարո՞ղ է օբյեկտիվ լինել իշխանությունների նկատմամբ, քանի որ ինքն ընդգծված ընդդիմադիր քաղաքական գործիչ է:
– Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խախտման բնագավառում գործունեություն ծավալելու դեպքում իշխանությունն է ընկալվում՝ որպես ընդդիմադիր գործունեություն իրականացնող, որովհետև իշխանությունը չի ուզում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իր պարտավորությունները կատարել, որը նախորդ պաշտպանների դեպքում տեսել ենք:
– Արման Թաթոյանի մասին ի՞նչ կարող եք ասել, իրեն չե՞ք պատկերացնում՝ որպես օմբուդսմեն:
– Ինքը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հրապարակային գործունեություն չի ծավալել, դա շատ կարևոր փաստ է, առանց դրա՝ չես կարող ընկալվել հասարակության կողմից՝ որպես անձ, որն իրավապաշտպան գործունեություն է իրականացրել:
– Բայց նա ասում է՝ 7 տարի աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:
– Սահմանադրության մեջ գրված է՝ հանրության կողմից ճանաչված անձ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, դա սահմանադրական նորմ է, իսկ թե որտեղ է աշխատել, ինչ է արել՝ դա այլ հարց է:
– Ավելի հավանական թեկնածուներ չկայի՞ն, ի՞նչն է պատճառը, որ նման խնդրահարույց մարդկանց առաջադրեցին:
– Առաջադրողներին հարցրեք՝ ՀՀԿ-ին և մյուս կուսակցություներին:
– Զարուհի Փոստանջյանը մինչև օմբուդսմեն նշանակվե՞լը պետք է հրաժարվի իր կուսակցական մանդատից, թե՞ նշանակվելուց հետո:
– Չէ, այստեղ նման բան նշած չկա, բայց պարզ է, որ նշանակվելուց հետո պետք է անդամակցությունը դադարեցնի: