
«Սանիտեկը» խոստանում է ձյան տեղումների դադարից հետո 48 ժամվա ընթացքում մաքրել Երևանի գլխավոր ճանապարհները

Ս.թ. փետրվարի 7 լույս 8-ի գիշերվանից մայրաքաղաք Երևանում շարունակվող ձյան տեղումներին զուգահեռ «Սանիտեկ» ընկերությունը Երևանի 10 վարչական շրջաններում իրականացնում է ձնամաքրման աշխատանքներ ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցների երթևեկելի հատվածներում և մայթերում: Ներկայումս Երևանի փողոցներում աշխատում են ընկերության ավելի քան 60 հատուկ մեքենաներ և ավելի քան 500 աշխատակիցներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որը ձյան տեղումները չեն դադարում, և մաքրած ճանապարհները կարող են ձյան թույլ շերտով ծածկվել մինչև հաջորդ մաքրումը, «Սանիտեկ» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին զգույշ լինել ավտոճանապարհներին և դժվարանցանելի ճանապարհահատվածներ նկատելիս տեղեկացնել այդ մասին ընկերության թեժ գծի աշխատակիցներին՝ զանգահարելով 8090 հեռախոսահամարով:
«Սանիտեկ»-ը վստահեցնում է, որ ձյան տեղումների դադարից հետո 48 ժամվա ընթացքում ամբողջապես մաքրված կլինեն Երևանի գլխավոր ճանապարհները և 72 ժամվա ընթացքում ավարտին կհասցվեն երկրորդական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքները: Մինչև այդ, ընկերությունը կշարունակի արտակարգ ռեժիմով իրականացնել ձնամաքրման աշխատանքները տեղումներին զուգահեռ:
«Սանիտեկ»-ը շնորհակալություն է հայտնում Երևանի բնակիչներին՝ ցուրտ ձմռան պայմաններում գիշեր, թե ցերեկ փողոցներում աշխատող ընկերության աշխատակիցներին օգնելու և աջակցելու, երբեմն նաև տաք ջուր ու թեյ հյուրասիրելու համար: