
Առատ ձյան պատճառով ներհանրապետական մի շարք երթուղիներ չեն սպասարկվել

Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան պատճառով այսօր ներհանրապետական մի շարք երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի անվտանգության ապահովման և շահագործման բաժնի պետ Շահեն Գասպարյանը՝ նշելով,որ այս պահի դրությամբ Ստեփանակերտի ուղղությամբ չի իրականացվել Ավետարանոց, Հերհեր, Կոլխոզաշեն, Մոխրաթաղ, Հաթերք, Աշան, Ուղտաձոր, Թալիշ և Խնուշինակ երթուղիները:
Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի անվտանգության ապահովման և շահագործման բաժնի պետ հավաստմամբ՝ ըստ չվացուցակի սպասարկվել են միջպետական բոլոր երթուղիները։
Ներհանրապետական մի շարք ճանապարհահատվածներում իրականացվում են ձնահեռացման և ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրել է «Արցախուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ճարտարագետ Մուշեղ Քոչարյանը:
«Վաղ առավոտից աղցան մեքենաներ են մեկնել և համապատասխան աշխատանքներ են իրականացվում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա, Ստեփանակերտ-Դրմբոն-Քարվաճառ, Ստեփանակերտ-Ննգի, Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհահատվածներում»,- ասել է Մ. Քոչարյանը:
ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ այսօր կդադարեն տեղումները, և առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։