«Յուվեցի Կարոյի» փեսայի՝ Գոռ Առաքելյանի, պատիժը չի խստացվել. բողոքը մերժվել է

2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում հնչած կրակոցների գործով դատապարտված Գոռ Առաքելյանին մասով մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ բողոք էր ներկայացրել դատախազը՝ պահանջելով Գոռ Առաքելյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի ժամկետով: Գոռ Առաքելյանը դապատարտվել էր 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման. պատժի կրման սկիզբը հաշվվում է 2014թ. մայիսի 18-ից։

Այս քրեական գործի շրջանակներում դատապարտվել են  Ներսես Մելքոնյանը (2 տարի ժամկետով ազատազրկում) և Վալերիկ Հովհաննիսյանը (3 տարի ժամկետով ազատազրկում), սակայն նրանց մասով բողոք չի ներկայացվել: Վերաքննիչ դատարանը գտել է, որ ընդհանուր իրվասության դատարանը Գոռ Առաքելյանի նկատմամբ նշանակել է արդարացի և համաչափ պատիժ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ մեղադրողի վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները բավարար չափով փաստարկված չեն, և ինքնին չեն կարող բավար հիմք հանդիսանալ վիճարկվող դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու համար:

Մեղադրողն իր բողոքում նշել էր, որ ամբաստանյալ Գոռ Առաքելյանին մեղսագրվող հանցագործության բնույթը, ծանրության աստիճանն անհրաժեշտ չափով արժևորված չեն, հաշվի չի առնվել, որ այն ուղղված է մարդու առողջությանը և իրական վտանգ է ստեղծում նրա կյանքի համար։

Ըստ դատախազի՝ դատավճռում որպես Գոռ Առաքելյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ նշվել է, որ նա դատապարտվում է առաջին անգամ, հանցագործությունները կատարելուց հետո կամովին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, կատարված հանցանքներից երկուսը պայմանավորված են նաև մյուս ամբաստանյալների վարքագծի հակաօրինականությամբ, տուժողները չեն բողոքում և, ըստ էության, հաշտվել են նրա հետ, խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան՝ չորսամյա դուստրն ու երկամյա որդին։

Գ.Առաքելյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն արձանագրվել։ Ըստ դատախազի՝ վկայակոչված մեղմացնող հանգամանքները, իրենց որոշակի նշանակությամբ հանդերձ, ամբաստանյալին մեղսագրվող հանցագործության հանրային վտանգավորության, դրա բնույթի պայմաններում չէին կարող գնահատվել այն նշանակությամբ, որը հիմք կհանդիսանար ամբաստանյալի նկատմամբ նման մեղմ պատիժ նշանակելով։

Դատախազը գտել է, որ դատարանն ամբաստանյալ Գոռ Առաքելյանի նկատմամբ նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ, որը չի համապատասխանում ինչպես մեղսագրվող հանցագործության բնույթին, դրա վտանգավորության աստիճանին, այնպես էլ այն կատարողի անձը բնութագրող հանգամանքներին, ուստի դատարանն ամբաստանյալ Գ.Առաքելյանի նկատմամբ պատիժ նշանակելիս խախտել է քրեական օրենսդրության՝ արդարության, պատասխանատվության անհատականացման սկզբունքները, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները։ Հիշյալ սկզբունքների խախտումներն ըստ բողոքաբերի, հանգեցրել են ամբաստանյալ Գոռ Առաքելյանի նկատմամբ ակնհայտ մեղմ` անարդարացի պատիժ սահմանելուն։

Տեսանյութեր

Լրահոս