Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու միջնորդությունը մերժվել է

Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործի շրջանակներում ձերբակալված Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը  միջնորդությունը մերժել է՝ նշելով, որ այդ հարցը գտնվում է քրեակատարողական վարչության իրավասության շրջանակներում:

Փաստաբանն ասաց, որ այդ նույն որոշմամբ վարույթն իրականացնող մարմինը դիմել է քրեակատարողական վարչությանը՝ անհրաժեշտության դեպքում գործողություններ ձեռնարկելու համար: Ստեփան Ոսկանյանն ասաց, որ ամեն դեպքում իրենք առանձին դիմում են ներկայացնելու քրեակատարողական վարչություն՝ Վահան Շիրխանյանին Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն տեղափոխելու համար՝ այնտեղ լիարժեք հետազոտություններ անցնելու համար:

Վահան Շիրխանյանն այժմ գտնվում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Նա ձերբակալվել է 2015թ. դեկտեմբերի 19-ին՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու կասկածանքով:

Տեսանյութեր

Լրահոս