ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Սիմոն Վրացյանի «Խարխափումներ» Հատորը
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը «Խարխափումներ» հատորը (190 էջ):
ԱՆԻ կենտրոնը շնորհակալություն է հայտնում Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Անդրանիկ Միքայելյանին, ով իր մասնակցությունը բերեց այս հատորի տպագրության հովանավորմանը:
«Խարխափումներ»-ը վերահրատարակվել է «Լուսակն» տպարանում:
Այս գիրքը տպագրվել է 1924 թվականին Բոստոնում արևելահայերենով և մեսրոպյան ուղղագրությամբ: ԱՆԻ կենտրոնը հատորը վերահրատարակել է արևելահայերենով, բայց աբեղյանական (Հայաստանում, Արցախում և նախկին խորհրդային հանրապետություններում բնակվող հայերի կողմից գործածվող ուղղագրություն) տարբերակով:
Վրացյանի հատորը պատասխան է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» գրքին:
Առաջիկա օրերին «Լուսակնի» տպարանից դուրս կգան ԱՆԻ-ի վերահրատարակած ևս հինգ հատորներ.
Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս»,
Ռուբէն Դարբինեանի «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի»,
Արշակ Ջամալյանի «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը»,
Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»,
ինչպես նաև այս հինգ նշանավոր դաշնակցականների համատեղ հատորը, որը կրում է «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագիրը (750 էջ):
Ինչպես համատեղ հատորի, այնպես էլ առանձին գրքույկների խմբագիրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է: