«ՀՅԴ-ՀՀԿ քննարկումները շարունակվում են այնպես, ինչպես շարունակվում էին». ՀՀԿ-ական պատգամավոր

«ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընթացն ընթանում է սովորական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է ընթանում կոալիցիոն գործընթացը՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Մեր այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն ունեցավ ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտնի հայտարարությունն այդ գործընթացի վրա, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ ոչ մի ազդեցություն չունեցավ: Հիշեցնենք, որ ՀՅԴ ղեկավարն ասել էր, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է, ու իրենց հեղինակությունը կվնասվի՝ իշխանությունների հետ համագործակցելով:

Գ. Մինասյանի խոսքով՝ քննարկումները շարունակվում են այնպես, ինչպես շարունակվում էին: Հարցին՝ ո՞ր հարցերի շուրջ են ընթանում քննարկումները, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ, քանի որ ինքը քննարկումներին չի մասնակցում, կդժվարանա պատասխանել այդ հարցին:

Մեր այն հարցին էլ՝ Ձեր պատկերացմամբ՝ դա կլինին երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ համագործակցություն, Գ. Մինասյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ՝ չարժի խոսել այն բաների մասին որոնք այսօր ակնհայտ չեն, մենք խոսում ենք համագործակցության մասին, թե ինչպիսի՞ ֆորմատ կունենա համագործակցությունը, հայտնի չէ, ինչպիսի՞ ժամեկտում նա կգործի, ևս հայտնի չէ: Դա կարող է լինել երկարաժամկետ, կարճաժամկետ, միջնաժամկետ: Այս ամեն ինչն այդ քննարկումների փուլում են հիմա»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իրենք մինչև խորհրդարանական ընտրությունները որևէ ֆորմատով չեն համագործակցելու ՀՀԿ-ի հետ՝ համարելով, որ կարճաժամկետ համագործակցությունը որևէ արդյունք չի կարող տալ: Գ. Մինասյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կարծո՞ւմ է՝ կարճաժամկետ համագործակցությունը կարող է արդյունավետ լինել: Ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես հարգում եմ իր տեսակետը: Համագործակցության տարբեր ֆորմատներ կան, և, եթե այդ ֆորմատներից մեկն անընդունելի լիներ, այդ ֆորմատը գոյություն չէր ունենա: Կան խնդիրներ, որոնք ենթադրում են կարճաժամկետ համագործակցություն»:

 

Տեսանյութեր

Լրահոս