10.000 դոլար՝ սպանությունները կազմակերպելու համար. 51-ամյա կինը մեղադրվում է եղբոր կնոջ և նրա հոր սպանությունը պատվիրելու համար
Դատարան է ուղարկվել 51-ամյա կնոջ վերաբերյալ քրեական գործը: Նախաքննության ընթացքում Երևանի բնակիչ 51-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, պատվիրել է և դրդել է կազմակերպել երկու անձանց սպանությունը, ինչպես նաև՝ ուղղակի դիտավորությամբ կատարել է սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ, որպիսիք արտահայտվել են հետևյալում. ըստ մեղադրանքի՝ կինը հանգուցյալ եղբոր կնոջ և վերջինիս հոր նկատմամբ նկատմամբ ունեցած գույքային պարտավորությունները չկատարելու և նյութական ծախսերից ազատվելու, այն է՝ վերջիններիս կողմից ներկայացված քաղաքացիական հայցի շուրջ 27.000.000 դրամը չվճարելու նպատակով, որոշել է սպանել նրանց և հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով պատվիրել է իր ազգականին՝ նրա ընկերոջը՝ կազմակերպել սպանությունները` դրա դիմաց խոստանալով վճարել 10.000 դոլար:
Ըստ մեղադրանքի՝ ստանալով սպանությունները կազմակերպելու համաձայնությունը` կինը կատարել է նաև սպանությանն ուղղված նախապատրաստական գործողություններ` մատնանշելով նրանց բնակության վայրերը, այդ թվում՝ հայտնելով բնակարանների գտնվելու հարկերը և քննարկելով սպանելու եղանակները, սակայն իր կողմից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրա ազգականը հրաժարվել է հանցագործության կատարումից և հաղորդում է տվել նախապատրաստվող հանցագործության վերաբերյալ:
Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով դատարանում արդեն մի քանի նիստեր տեղի են ունեցել: