
Սերբիայի պաշտպանության նախարարը լրագրողին վիրավորելու համար ազատվել է պաշտոնից

B92 լրատվական պորտալի լրագրողի հասցեին ուղղված վիրավորական ու սեքսիստական բնույթի արտահայտության պատճառով Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչըը զրկվել է իր աթոռից:
Նրան պաշտոնից ազատելու մասին որոշումը կայացրել է երկրի խորհրդարանն արտահերթ նիստում, որը հրավիրել էր Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, հայտնում է LifeNews-ը:
Սկանդալը, որը հանգեցրեց Գաշիչին պաշտոնից ազատելուն, ծագել էր 2015թ. դեկտեմբերին: Հեռուստաալիքի լրագրող Զլատիա Լաբովիչը, փորձելով չխանգարել օպերատորների աշխատանքին, ծնկի էր իջել: Տեսնելով լրագրողին՝ նախարարը ասել էր. «Որքան եմ սիրում լրագրողներին, որոնք այդքան հեշտորեն են ծնկի իջնում»:
Նրա այդ արտահայտությունը բուռն ռեակցիա էր առաջացրել հասարակությունում, ու չնայած Գաշիչը ներողություն խնդրեց լրագրողից, սակայն դա արեց միայն այն ժամանակ, երբ հասկացավ, որ կատարվածը տեսագրվել է ու բուռն վրդովմունք առաջացրել Սերբիայում:
Սերբիայի վարչապետը կատարվածին կոշտ արձագանք էր տվել՝ հայտարարելով, թե Գաշիչը «չի կարող նախարար մնալ նման անբարո պահվածքից հետո»:
Արդյունքում՝ երկրի խորհրդարանի 195 պատգամավորները քվեարկեցին Սերբիայի պաշտպանության նախարարին աշխատանքից ազատելու օգտին: