«Որ ասեմ համաձայն չեմ լինի՝ կհավատա՞ք». Ալիկ Սարգսյանը՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին. armtimes.com

Երեկվանից տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի թոշակի անցնելուց հետո այդ պաշտոնի հավանական թեկնածուներից է համարվում ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ հնարավոր է նա այդ պաշտոնը զբաղեցնի մինչեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ավարտը: Մամուլը գրել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը Սերժ Սարգսյանը պահում է Բակո Սահակյանի համար: Նրա պաշտոնավարման ժամկետը, սակայն, ավարտվում է 2017-ին, իսկ 2016-ի փետրվարի 16-ին լրանում Է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը։

Տարածված տեղեկություների իսկությունը armtimes.com-ը փորձել է պարզել Ալիկ Սարգսյանից:

– Պարոն Սարգսյան, երեկվանից ձեր անունն է շրջանառվում ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար…

– Տեղեկություն չունեմ, ինձ որեւիցե առաջարկ չի արվել: Չգիտեմ որտեղից է այդ տեղեկությունը տարածվել, ես չեմ հասկանում:

– Հնարավոր չե՞ք համարում, որպեսզի դառնաք ԱԱԾ պետ:

– Էդպիսի խոսակցություն եթե չկա, ես ո՞նց ասեմ: Ասեմ ուզում եմ կամ չեմ ուզում՝ էդ էլ անիմաստ բան է, իմաստը ո՞րն է: Դա երկրի ղեկավարն է որոշում, դա իմ որոշելիքը չի: Ես մի քանի անգամ ասել եմ. որտեղ կորոշի՝ այնտեղ էլ կաշխատեմ, չի որոշի՝ կմնամ իմ տեղում: Դա իմ դաշտից դուրս է, ես չեմ կարող ասել:

– Եթե քննարկվեր այդ հարցը՝ դուք կիմանայիք, չէ՞:

– Ես չգիտեմ որտեղ է քննարկվում այդ հարցը, ոնց է քննարկվում, բայց եթե այդպիսի բան լինիեր, երկրի ղեկավարը երեւի ինքը ինձ կասեր:

– Եթե լինի ԱԱԾ տնօրեն դառնալու առաջարկ՝ համաձայն կլինե՞ք:

– Որ ասեմ համաձայն չեմ լինի՝ կհավատա՞ք: Ընդունենք ասեմ չէ, համաձայն չեմ (ծիծաղում է-խմբ.): Իհարկե, ուր էլ առաջարկի՝ ես չհամաձայնվելու խնդիր չունեմ: Էսօր ես ծառայող մարդ եմ, զինվորական եմ, ուր էլ առաջարկի՝ կհամաձայնվեմ: Կարող է մի տեղ շատ սրտովս լինի, մի տեղ սրտովս չլինի, բայց դա չի էականը: Ուր էլ ուղարկի՝ պիտի գնամ, ինչի՞ մասին է խոսքը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս