Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական Ալֆրեդ Մկրտչյանը

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական Ալֆրեդ Արմենակի Մկրտչյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախարարությունը խորապես ցավում է անվանի վիրաբույժ Ալֆրեդ Արմենակի Մկրտչյանի մահվան կապակցությամբ:

Ալֆրեդ Մկրտչյանը ծնվել է 1935 թվականին Գյումրիում: 1958թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Մինչև 1962թ. աշխատել է վիրաբույժ, այնուհետև ղեկավարել է Դիլիջանի քաղաքային բուժմիավորման վիրաբուժական բաժանմունքը:

1962-1964թթ. կլինիկական օրդինատոր է եղել Սրտաբանության ինստիտուտում: 1964-1967թթ. Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող: 1967-1974թթ. ղեկավարել է նույն բաժանմունքը:

1991-1992թթ. եղել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի տնօրենը: 2004թ. նույն բժշկական կենտրոնում աշխատել է որպես տնօրենի տեղակալ, ղեկավարել է պրոֆեսոր Գևորգյանի անվան անոթային վիրաբուժության բաժանմունքը:

Բժշկական գիտությունների դոկտորը նաև Անգիոլոգների և ֆլեբոլոգների հայկական ասոցիացիայի նախագահն էր:

Նախարար Արմեն Մուրադյանն իր զորակցությունն է հայտնում Ալֆրեդ Մկրտչյանի ընտանիքին և հարազատներին: Վիրաբույժի երկարամյա աշխատանքն անգնահատելի հետք է թողել առողջապահության համակարգի զարգացման գործում: Անվանի բժիշկը մեծ ներդրում է ունեցել նաև բժշկագիտության մեջ: Հեղինակել է ավելի քան 185 գիտական աշխատություն: Ներդրել է վիրահատական նորագույն մեթոդներ:

Տեսանյութեր

Լրահոս