Լևոն Զուրաբյանը ՀՀԿ և ՀՅԴ բանակցությունները հուզիչ սերիալի նմանեցրեց

«Շատ հուզիչ մի դրամա է ծավալվում մեր աչքերի առջև: Խոսքս վերաբերում է կոալիցիոն սերիալին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրան զարմացնում է՝ ինչո՞ւ են կոալիցիայի մասին հայտնում ու հետո սկսում բանակցել: Նա նշեց, որ այդ կոալիցիան լուրջ կհամարեր, եթե քննարկումների ավարտից հետո միանգամից հայտարարություն արվեր:

«Նպատակը միգուցե այն էր, որ ամբողջ ազգին ներքաշեին այդ սերիալի դիտման գործընթացի մեջ: Կամ ամուսնանում են, կամ բաժանվում են, կամ ներկայացնում են իրար ինչ-որ մեղադրանքներ… Կարծում եմ՝ վատ չեն մտածել, եթե մտածել են մի քիչ զվարճացնել ժողովրդին: Սակայն դա կարող է ձանձրալի դառնալ: Սցենարիստներին առաջարկում եմ՝ մի փոքր նոր բան մտցնել սերիալի մեջ»,- նշեց Լ. Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են կոալիցիայով լրացնել լեգիտիմության պակասը: Խոսելով ՀԱԿ-ի ՄԻՊ թեկնածուի մասին՝ Լ. Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ այս ընտրությունը վերահսկվում է ՀՀԿ-ի կողմից:

«Հանրապետականները խուսափում են դեմոկրատական սկզբունքի կիրառումից: Մենք հակված ենք չմասնակցել այդ գործընթացին: Ֆորմալ քննարկում դեռ չի եղել, այն կլինի ավելի ուշ»,- ասաց Լ. Զուրաբյանը: Նա նաև նշեց, որ ինքն անձամբ համաձայն է Զարուհի Փոստանջյանի թեկնածության հետ:

Տեսանյութեր

Լրահոս