Էրդողանի քաղաքականությունը կհանգեցնի Թուրքիայի փլուզմանը. Independent
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիբ Էրդողանի քաղաքականությունը Թուրքիան կանգնեցնում է փլուզման եզրին, գրում է The Independent-ը:
Ներքին կոնֆլիկտների ու հարևանների հետ լարված հարաբերությունների հետևանքով տուժում է թուրք ժողովուրդը, գրում է պարբերականը:
Նշվում է, որ մինչև 2002 թվականը, երբ իշխանության եկավ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն Էրդողանի ղեկավարությամբ, Թուրքիան հետևում էր Քեմալ Աթաթուրքի կտակին՝ «Խաղաղություն տանը, խաղաղություն՝ սահմաններից դուրս»:
Այդ ժամանակ երկիրը ՆԱՏՕ-ի հարգված անդամ էր՝ ԵՄ-ի անդամակցության հեռանկարներով: «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իրեն հռչակել էր՝ որպես արևմտյան, բարեփոխիչ, նեոլիբերալ ու աշխարհիկ կուսակցություն, իսկ եվրոպացի քաղաքագետները Թուրքիային անվանում էին «աշխարհիկ ու ժողովրդավարական երկրի ոգևորիչ օրինակ»:
Սակայն «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալով՝ երկրում իրավիճակը փոխվեց: Աթաթուրքի կտակը փոխվեց «հարևանների հետ զրո խնդիրներ» սկզբունքով, ինչի հետևանքով Թուրքիան գժտվեց իր հարևանների հետ, գրում է թերթը: Թուրքիան անգամ կարողացավ իրենից վանել Ռուսաստանին այն բանից հետո, երբ թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին ռուսական «Սու-24» ինքնաթիռը Սիրիայի երկնքում:
Բացի այդ, Էրդողանը քաղաքացիական պատերազմ հրահրեց քրդերի հետ, որը «սպառնում է փլուզել Աթաթուրքի ու նրա կողմնակիցների ստեղծած Թուրքիան»:
Էրդողանը հետապնդում է այլախոհության ցանկացած դրսևորում՝ քննադատներին ու քաղաքական հակառակորդներին անվանելով դավաճաններ ու ահաբեկիչներ, գրում է պարբերականը: