Քննարկվում է, թե ով՝ որ պաշտոնում լավ կաշխատի. Աղվան Վարդանյան

«Ունենք խնդիրներ, որոնք աշխատանք, քննարկումներ ու ժամանակ են պահանջում, հնարավոր համագործակցության արդյունքում՝ մենք պետք է մեր հանրությանն ասելիք ունենանք, թե ի՞նչ ենք ծրագրում անել, ինչպե՞ս ենք համագործակցում, պատասխանատվությունը, ոլորտները»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ բրիֆինգների ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղան Վարդանյանը՝ խոսելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին
Նրա խոսքով՝ տարբեր «աշտարակների» կողմից փորձեցին պառակտել, ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի մեջ կռիվ գցել, բայց չստացվեց.

«Մեր շատ սիրելի նախկին քաղբանտարկյալներից մեկը գրում է՝ Մոսկվայում են որոշել, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն պետք է համագործակցեն»:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն փակված համարեց ՀՀԿ-ի հետ համագործակցությունը՝ ասելով, որ մեկ տարվա ընթացքում արդյունավետ չէ հաամագործակցելը, Ա. Վարդանյանն այսպես արձագանքեց.

«Այն, ինչ որոշում է ԲՀԿ-ն՝ իր խնդիրն է, մենք իհարկե, ասել ենք, որ բնական հունով համագործակցությունն ընտրություններից հետո է լինելու, բայց ասել ենք նաև, որ մենք նոր իրավիճակում ենք, մենք ունենք հսկայական աշխատանք՝ գոնե սկսելու նոր համակարգը կյանքի վերածելու, ու գտնում ենք, որ ուժերի վերամիավորումը կարող է արդյունք տալ: Հանրապետականը Զվարթնոց չէ, նույնիսկ Դաշնակցությունը Զվարթոց չէ, պարզ է, որ կլինեն տարբեր մոտեցումներ, բայց ամեն մի ուժ գոնե ունենում է իր հստակ առանցքը, ես վստահ եմ՝ եթե մենք համոզված չլինենք, որ ճիշտ բան ենք անում, չենք անի»:

Հարցին, թե նախարարական ո՞ր պորտֆելներն է ՀՅԴ-ն իր համար առանցքային համարում, Ա. Վարդանյանը պատասխանեց.

«Այնպես չէ, որ ինչ-որ պաշտոններ առանցքային են, ուղղակի հիմա քննարկվում են, թե ով որ պաշտոնում լավ կաշխատի: Կռիվ գցելն անհույս գործ է, մենք լուրջ մարդիկ ենք, մենք մեր ասածների տերն ենք, մեր ասածներից չենք հրաժարվել»:

Տեսանյութեր

Լրահոս