Համանախագահները ԵԽ ԽՎ-ում չեն դատապարտել ԼՂ-ի հարցով քննարկումները. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն դատապարտել ԵԽ ԵԽ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները: Այս մասին, ի պատասխան ադրբեջանական APA գործակալության հարցման, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով հայտարարությունը, որն ավելի վաղ տարածել էր Մինսկի խումբը մինչ ԵԽ ԵՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները:
Ուորլիքի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը հավատարիմ են խաղաղ կարգավորման գործընթացին, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
«Մինսկի խումբն այդ բանակցությունների միակ ընդունված ձևաչափն է»,- ասել է ամերիկացի համանախագահը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել մինչ ԵԽ ԽՎ-ում բրիտանացի ադրբեջանամետ պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի քննարկումը՝ դատապարտելով ԼՂ հակամարտությանն առնչվող քննարկումը:
Զեկույցի օգտին քվեարկել էր կողմ` 66, դեմ` 70 պատգամավոր:
Հիշեցնենք, որ Ուոլթերի զեկույցում խնդրահարույց են հատկապես պարբերություններն այն մասին, որ վեհաժողովը, մտահոգված լինելով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով, դատապարտում է 2014-ից սկսած ԼՂ-ի և ՀՀ-ի կողմից իբրև թե Ադրբեջանի օկուպացված տարածքներում ռազմական գործողությունների իրականացումը։ Զեկույցում տառացիորեն գրված է. «Ադրբեջանական տարածքները դեռ օկուպացված են ՀՀ զինված ուժերի կողմից, և ԼՂ-ն գտնվում է անջատողական ուժերի ղեկավարության ներքո»։
Ուոլթերի կազմած փաստաթղթի ամփոփիչ հատվածում կոչ կա` ուղղված ՀՀ իշխանություններին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին. «Դուրս բերել ՀՀ զինված ուժերը և այլ ապօրինի ուժեր ԼՂ-ի և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներից»,- ասված է զեկույցում: