«Վերահսկիչ փաթեթը» ՀՀԿ-ի ձեռքն է լինելու, մնացած կուսակցություններին հնարավորություն կտրվի «կողքից օգտվել». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Եթե ՀՀԿ-ն եւ Դաշնակցությունը 2017 թվականի, ասենք, մարտին հայտարարեին այն մասին, որ ընտրությունների գնում են դաշինքով, դա շատ նորմալ կլիներ: Եթե այդ կուսակցությունները խորհրդարանական ընտրություններից հետո, հավաքելով որոշակի ձայներ, կազմեին իշխանական կոալիցիա, դա նույնպես կտեղավորվեր սովորական քաղաքական գործընթացի շրջանակներում: Բայց երբ հիմա` ընտրություններից ավելի քան մեկ տարի առաջ, ՀՅԴ-ին տրվում են նախարարական եւ մարզպետական պորտֆելներ, դա արդեն կասկածելի է: Բնական ենթադրություն է առաջանում, որ այդ պորտֆելները դառնալու են լծակներ` հենց ընտրություններում վարչական ռեսուրս օգտագործելու առումով:
Այսինքն` տվյալ նախարարության (հատկապես, եթե դա կրթության նախարարությունն է) համակարգում աշխատող մարդիկ պարտավորված են լինելու «աշխատել» այդ կուսակցության օգտին: Նույնը` մարզպետարանի աշխատակիցները, որոնցից նույնպես, ինչպես եւ դպրոցների տնօրեններից ու ուսուցիչներից, շատ բան է կախված: Նման մոտեցումը նույնպես բացատրելի է, միայն թե պետք չի ասել, որ այդպիսով փոխվելու է իշխանության բնույթը: Այդ «բնույթը» 25 տարի է՝ նույնն է, եւ խաղի այդ կանոններով խաղալով՝ հնարավոր չէ որեւէ բան փոխել:
Այդ խաղը տնտեսության մեջ մասնագետներն անվանում են «քվոտավորում»՝ ես բերում եմ ու վաճառում եմ 90 տոկոս բենզին, քեզ թույլ եմ տալիս բերել եւ վաճառել 10 տոկոս բենզին: Պայմանն այն է, որ դու վաճառելու ես ճիշտ նույն գնով, որով ես վաճառելու եմ իմ 90 տոկոսը: 10 տոկոս վաճառողը շահագրգռված էլ չի բենզին վաճառել մեկ դրամ էժան՝ շուկան ընդլայնելու համար, որովհետեւ միեւնույն է՝ նրան թույլ չեն տա վաճառել 10 տոկոսից ավելի: Քաղաքականության դեպքում «վերահսկիչ փաթեթը», միեւնույն է, ՀՀԿ-ի ձեռքն է լինելու, մնացած կուսակցություններին հնարավորություն կտրվի «կողքից օգտվել»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: