
Մոսկվայում ծեծի է ենթարկվել հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանը

Ռուսաստանի աշխարհագրական միության անդամ, հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանը ծեծվել ու թալանվել է Մոսկվայի արևմուտքում: Ինչպես TASS-ին հայտնել են ՌԴ մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունից, տվյալ փաստով ձերբակալվել է 3 կասկածյալ, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել:
Մոսկվայի գլխավոր վարչության տեղեկություններով՝ տղամարդու վրա հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 1-ին Ռաշչուպկինա փողոցում:
Գողերը հարձակվել են Սուլեյմանյանի վրա, ծեծել են, խլել անձնական իրերը: «Տաք հետքերով Արևմտյան ադմինիստրատիվ շրջանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 3 կասկածյալի: Տուժածը հոսպիտալացվել է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ հարձակումը եղել է պլանավորված:
Ձերբակալվածները Միջին Ասիայից են: Վերջիններիս նկատմամբ որոշվում է խափանման միջոցի ընտրության հարցը: