Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ծառայակիցը միջնորդեց արագացված կարգով դատաքննություն իրականացնել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով հարուցված քրեական գործերից մեկի քննությունը:

Ամբաստանյալի աթոռին Հայկազ Բարսեղյանի ծառայակից ընկերն է՝ Կարեն Բաղրամյանը: Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. հունվարի 28-ին, ժամը 07:40-ի սահմաններում թիվ 408 ննջարանում այն մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ և 65-րդ հոդ. կանոնագրքային կանոնները, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Բացի այդ՝ ըստ մեղադրանքի՝ նա 2015թ. հունվարի 28-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հ.Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին:

Այսօր դատարանում Կարեն Բաղրամյանն ասաց, որ հաշվառված է Շիրակի մարզում, կոչումով շարքային է, նախկինում դատապարտված չի եղել: Նա արագացված դատաքննության կարգ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ խորհրդակցել է պաշտպանի հետ, միջնորդությունը ներկայացնում է կամավոր: Նշենք, որ  արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս դատարանը քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: Դատարանն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Արագացված կարգով դատական քննության արդյունքում կայացվում է բացառապես մեղադրական դատավճիռ: Այդ դեպքում դատարանը նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը:

Մինչ միջնորդության քննարկումը դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ որևէ անձ տուժող ներգրավված չէ կամ տուժողի իրավահաջորդ ճանաչված չէ: Կողմերից դատավորը հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի են տուժողի իրավահաջորդ ներգրավվելու վերաբերյալ՝ հաշվի առնելով մեղադրանքի բովանդակությունը: Մեղադրող Հայկ Հարոյանը նշեց, որ Հայկազ Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշում է կայացվել մահվան հիմքով, քրեական դատավարության պահանջներից չի բխում նրա մերձավորներից մեկին այս գործով որպես տուժողի իրավահաջորդ ներգրավելը: Կարեն Բաղրամյանի պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը համաձայնեց մեղադրողի հետ:

Դատավորը նշեց, որ իր վարույթում քննվում է մեկ այլ քրեական գործ, որով Հայկազ Բարսեղյանի հայրը ներգրավվել է՝ որպես տուժողի իրավահաջորդ, հետևաբար՝ դատարանը գտավ, որ նրան պետք է ծանուցել դատական նիստի մասին՝ նաև նրա ներկայությամբ Բարսեղյանի մերձավոր ազգականներից մեկին տուժողի իրահավաջորդ ճանաչելու հարցը քննարկելու համար: Դատարանը գտավ, որ մինչ այս հարցի լուծումը դատական նիստը պետք է հետաձգվի, եթե գործով որևէ անձ ներգրավվի՝ որպես տուժողի իրավահաջորդ, արագացված կարգով դատական քննություն անցկացնելու միջնորդությունը քննարկելիս էական է նաև տուժողի դիրքորոշումը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 24-ին:

Տեսանյութեր

Լրահոս