Բաժիններ՝

«Արդյոք Սերժ Սարգսյանն արգելե՞լ է օգտագործել «Լֆիկ Սամո» կնիքը». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին բարձրացրեց տարիներ ի վեր օդում կախված մնացած չստուգված լուրերի հարցը: Այս անգամ թիրախում պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր և չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները՝ չնչին, այսպես ասած, բարեգործության, օրինակ՝ անվճար լավաշ բաժանելու անվան տակ քողարկելու մասին լուրերը:

Ըստ Ն.Փաշինյանի՝ մասնավորապես, օդում կախված լուրեր կան, թե Ախուրյանում Սամվել Ալեքսանյանի հիմնած գործարանը ոչ թե շաքար է արտադրում, այլ ստեղծված է բազմամիլիոնանոց «կանդրաբանդան» քողարկելու համար, և, ըստ օդում կախված լուրերի, Ալեքսանյանը պատրաստի շաքարը ՀՀ է ներմուծում շաքարի հումքի անվան տակ, ինչը նրան հնարավորություն է տալիս խուսափելու տասնյակ միլիոնների հարկերից, ապա շաքարը վաճառվում է՝ որպես Ախուրյանի գործարանի արտադրանք: Այս հանցավոր մեխանիզմը, Ն.Փաշինյանի խոսքով, գործում է տարիներ շարունակ և Սերժ Սարգսյանի իմացությամբ, և, ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանն անձնական փայաբաժին ունի Սամվել Ալեքսանյանի գործունեությունից, և դրանով են լուծվում ընտրությունների կեղծման, իշխանությունը պահելու ֆինանսավորման հարցերը:

«Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին: Ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այդ լուրերի իսկությունը ճշտելու համար»,- հարցրեց Ն.Փաշինյանը՝ հավելելով ևս մի տեխնիկական ճշտում. արդյոք Սերժ Սարգսյանն արգելե՞լ է օգտագործել «Լֆիկ Սամո» կնիքը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ պատգամավորի հորդորը վարչապետը կուսումնասիրի, արդյոք այն պահանջո՞ւմ է որևէ արձագանք, թե՞ ոչ: Անձամբ իր անունից Դ.Հարությունյանը նշեց, որ սա առաջին հարցը չէ, որ նույն ֆորմատով Փաշինյանը ներկայացնում է ԱԺ, և նպատակը հասկանալի է իրեն.

Կարդացեք նաև

«Իրական նպատակն այն է, որ Դուք ուզում եք հերքել այն տարածված լուրերը, որ Դուք իշխանության հետ ինչ-որ կերպով շաղկապված եք, արհեստական ընդդիմություն եք, և այլն: Ես կարծում եմ, որ, եթե դա է նպատակը, դրա կարիքը չկա անելու, ինձ գոնե համոզել եք, որ իշխանության հետ շաղկապված չեք, ես դրա մասին կարող եմ ասել այսօր այս ամբիոնից»:

«Ես ապացուցելու բան չունեմ, ապացուցելու բան ունեք Դուք անձամբ և ձեր իշխանության ներկայացուցիչները»,- հակադարձեց Ն.Փաշինյանը:

Նա հուսախաբ արեց Դավիթ Հարությունյանին՝ ասելով, որ այս ֆորմատով հարցապնդումների շարքը չի ընդհատվելու, և ՀՀ-ում հայտնի կոռուպցիոներներին հորդորեց պատրաստ լինել իրենց վերաբերյալ նման հարցադրումներին:

«Եթե շարունակվի՝ արձագանք չի լինելու, դրանք զուտ հայտարարություններ են»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս