«Մեր մտավախությունները, որ կարող է հիվանդների թիվն ավելանալ, փարատվեցին». նախարարը՝ սուր շնչառական հիվանդությունների մասին

«Մենք մինչև ուշ ժամ աշխատում ենք, գիտեք, որ վերջին շրջանում ամենօրյա խիստ աշխատանքային ռեժիմ է եղել մեզ մոտ՝ կապված արագ արձագանքման աշխատանքների հետ: Շուրջ երեսունչորս օր մենք աշխատել ենք հատուկ ռեժիմով: Ես բավարարված եմ մեր աշխատանքից»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել է վերահսկողություն սահմանել աշխատակազմի աշխատանքների վրա, որոնք ժամանակին չեն ներկայանում աշխատանքի և շուտ հեռանում են:

Խոսելով սուր շնչառական վիրուսների տարածման իրավիճակի մասին՝ Ա. Մուրադյանը նկատեց, որ ներկա դրությամբ հիվանդների թիվը նվազել է.

«Բացի նվազումից՝ դրական առաջխաղացում կա: Հաշվի առնելով նաև սեզոնային գրիպը և առհասարակ սուր շնչառական հիվանդությունները՝ հատուկ վերահսկողություն է սահմանված դպրոցների և մանկապարտեզների վերաբացման առումով: Միայն առաջին օրը 600 երեխա էր հեռացվել ուսումնական հաստատություններից, մյուս օրը 1050 երեխա է հեռացվել դպրոցից, և զանգահարվել է ծնողներին և համապատասխան բուժհաստատություններ: Այսօրվա տվյալներով՝ ֆիլտրը բավականին էֆեկտիվ էր: Փաստացի մեր մտավախությունները, որ կարող է հիվանդների թիվն ավելանալ, փարատվեցին»:

Ա. Մուրադյանը հերքեց հիվանդության մուտացիայի ենթարկվելու մասին տարածված տեղեկատվությունը: Նրա խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նույն ենթատիպն է, ինչ 2009 թվականին էր. «Մենք երկու լաբորատորիա ենք ուղարկել, և մուտացիայի մասին տվյալներ չկան»:

Տեսանյութեր

Լրահոս