
Սիրիայում ոչնչացվել է «Ջեբխատ ան-Նուսրայի» պարագլուխներից մեկը. ԶԼՄ-ներ

Ահաբեկչական «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման առաջնորդներից մեկը ոչնչացվել է ռուսական ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով, հայտնում է «Սուրիա ալ-Ան» տեղեկատվական պորտալը:
Տեղեկությունների համաձայն՝ հարվածը հասցվել է Անադան քաղաքում, որը գտնվում է Հալեպից 12 կմ հյուսիս: Ոչնչացված զինյալի ինքնության մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Նախօրեին Սիրիայի բանակը աշխարհազորայինների աջակցությամբ կտրել էր զինյալների՝ Թուրքիայից Հալեպի հյուսիս տանող զինամթերքի մատակարարման ճանապարհները:
Սիրիացի զինվորականների տեղեկություններով՝ հարձակումը շարունակվում է Հալեպից հյուսիս ընկած հատվածում՝ դեպի թուրքական սահմանը: Մարտեր են ընթանում նաև Նուբել ու ազ-Զահրա քաղաքի մատույցներում: