«Դոմոդեդովոյում» Թբիլիսի թռչող ինքնաթիռի շարժիչն այրվել է արագություն հավաքելիս
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում S7 ավիաընկերության Airbus 320 ինքնաթիռի շարժիչն այրվել է արագություն հավաքելիս: Ականատեսներն ու ուղևորները հայտնել են ինքնաթիռի թևի հատվածում բռնկման մասին, հայտնում է LifeNews-ը:
Օդաչուները արագորեն կանգնեցրել են ինքնաթիռի ընթացքն ու հայտարարել տեխնիկական անսարքության մասին: Ինքնաթիռը թռիչք էր իրականացնում դեպի Թբիլիսի:
Ավիաընկերությունում հայտնել են, որ հայտնաբերվել է տեխնիկական անսարքություն:
«Airbus A320 ինքնաթիռը, որը պատրաստվում էր իրականացնել Մոսկվա-Թբիլիսի S7–955 չվերթը, կապված հնարավոր տեխնիկական անսարքության հետ, վերադարձել է մեկնարկային կետ: Օդանավը չէր սկսել բարձրանալ թռիչքուղուց»,- տեղի ունեցածը մեկնաբանել են ավիաընկերությունում:
Օպերատիվ ծառայությունների տվյալով՝ բռնկումը ծագել է ինքնաթիռի շարժիչում, ինչից հետո որոշում է կայացվել փոխել բորտը: Ներկայում ինքնաթիռը զննում են մասնագետները, ուղևորներից ոչ ոք չի տուժել: