Նաիրա Զոհրաբյանը՝ Վարդան Օսկանյանի ստեղծելիք «նոր կուսակցության» և ՀՀԿ-ի հետ կոալիցիայի հավանականության մասին

«Առաջին անգամ եմ լսում, որ Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն բացել, ինձ համար մեկ հավաստի աղբյուր կարող է լինել՝ անձամբ Վարդան Օսկանյանը, ում հետ այսօր առավոտյան եմ զրուցել, և նման բան նա ինձ չի ասել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ շուտով Վարդան Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին։ Որոշ հրապարակումների համաձայն՝ կուսակցության կորիզը կկազմեն Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թևանյանը, Վիկտոր Սողոմոնյանը, ԲՀԿ-ի պրոքոչարյանական թևը, այդ թվում նաև՝ Ստեփան Մարգարյանը։ Ն. Զոհրաբյանն այս հրապարակումների վերաբերյալ ասաց, որ Ստեփան Մարգարյանն իրենց կուսակցության անդամը չէ, ու ինքը չի կարող ասել, թե նա ինչ որոշում է կայացրել:

Հարցին՝ արդյոք ճի՞շտ են այն լուրերը, որ ԲՀԿ-ի ներսում կռիվ է ընկել՝ մի մասը ցանկանում է միանալ կոալիցիային, իսկ մյուս մասը՝ ոչ, ԲՀԿ ղեկավարն այսպես արձագանքեց.

«Իրականությանը չի համապատասխանում, քաղաքականության մեջ «Կիկոսի մահը» ժանրն ինձ համար ընդունելի չէ, «Բարգավաճ Հայաստանին» կոալիցիա կազմելու առաջարկ չի եղել, եթե լիներ՝ անպայման կքննարկեինք: Չնայած եղել են խոսակցություններ, որ գուցե իմաստ ունի համագործակցության որևէ տարբերակ ընտրել, այդ տարբերակին կողմ և դեմ լինողներ եղել են, բայց որևէ վեճ չի եղել, կամ այն, որ ԲՀԿ-ի տունը կռիվ է ընկել, նման բան չկա: Կրկնում եմ՝ կոալիցիայի վերաբերյալ լուրջ քննարկում չի եղել, քանի որ նմանատիպ առաջարկ չի եղել»:

Տեսանյութեր

Լրահոս