ՎԶԵԲ-ի տրամադրած վարկով վերակառուցվելու է 190 կմ ճանապարհ
Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:
Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց, որ ծրագիրն ուղղված է համայնքային մարզային ճանապարհի զարգացմանը, այն շարունակական է, քանի որ մեկնարկել է 2013թ.: Վարկի ծավալը 40 մլն դոլար է, որը կսպառվի 2016-19 թթ. ընթացքում, մարման ժամկետը՝ 25 տարի, տոոկսադրույքը լողացող է, վարկն արտոնյալ է: Դրանով վերակառուցվելու է 190 կմ ճանապարհ:
Փոխնախարարը նշեց, որ 2015-16 թթ. իրականացված աշխատանքների վերահսկողությունն իրականացրել են միջազգային կազմակերպությունները և գոհունակություն են հայտնել, նաև ճանապարհների որակի վերաբերյալ բացարձակ դրական գնահատական է տվել Համաշխարհային բանկը: Ա.Առաքելյանը մեջբերեց ՀԲ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լորա Բեյլիի խոսքը, թե առաջին անգամ է տեսնում նման որակյալ ու ժամանակին կատարված աշխատանք:
Ա.Առաքելյանի խոսքով՝ ճանապարհաշինարարական աշխատանքների մասին կարելի է տեղեկանալ նախարարության կայքում, որտեղ առկա են բոլոր ճանապարհների վերաբերյալ տեսանյութեր և հաշվետվություններ: Նա նշեց, որ 1 կմ ճանապարհի կառուցման արժեքը շատ սուբյեկտիվ է, միջին չկա, կախված է հիմքից, իրականացվող աշխատանքների ծավալից և այլն:
Փոխնախարարը նաև նկատեց, որ շինաշխատանքների ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ մի քանի անգամ այցելում է տվյալ վայր, իսկ ճանապարհի կառուցումից հետո «բաց ճակատով էլ կանգնում է այն մարդկանց առջև, ովքեր օգտագործելու են այդ ճանապարհը»: