Բաժիններ՝

«Փաստ է, որ վախ կա, և նմանատիպ դեպքերի ժամանակ մարդիկ սթրես են ապրում». Մարտուն Գրիգորյանը՝ ռուս զինծառայողի կողմից Գյումրիում դուռը թակելու դեպքի մասին

«Մի դեպքով պայմանավորված՝ ասել, որ ռուսական ռազմաբազան պատուհաս է դարձել, այդպես չէ, բայց նմանատիպ դեպքերն ավելորդ լարվածության առիթ են դարձել, բոլորը խառնվել են իրար, նաև գյումրեցիները, որ էլի ռուս զինծառայողը դռներ է թակել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ օրերս ռուսական ռազմաբազայի մի զինծառայող ալկոհոլի ազդեցության տակ Գյումրիի Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանում բնակվող Երանոսյանների դուռն էր թակել՝ պահանջելով բացել այն: Երանոսյանները դուռը չեն բացել, չնայած ռուս զինծառայողը մոտ 30 րոպե թակել է դուռը, այն էլ՝ գիշերը 24:00-ին:

Մ. Գրիգորյանի խոսքով՝ դատախազը ներկայացրել է, որ ռուս զինծառայողը պարզապես շենքն է շփոթել. «Բայց, ամեն դեպքում, փաստը մնում է փաստ, որ վախ կա, և նմանատիպ դեպքերի ժամանակ մարդիկ սթրես են ապրում: Այս դեպքից հետո պետք է հետևություն արվի թե՛ ռուսական ռազմաբազայի, թե՛ մեր կողմից»:

Հարցին՝ Գյումրիում անվստահություն կա՞ ռուսական ռազմաբազայի նկատմամբ, Մ. Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Դուք էլ լավ գիտեք այդ հարցի պատասխանը, որ կա կոնկրետ խնդիր այդ ուղղությամբ, ալկոհոլի ազդեցությամբ ռուս զինծառայողը միանգամից վախի մթնոլորտ, վախի տրամադրություն է առաջացնում: Այդ առումով խնդիր ունենք»:

Դիտարկմանը՝ Ավետիսյանների հետ կատարված դաժան դեպքից հետո խոսվում է, որ պետք է ռուսական ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից, պատգամավորը պատասխանեց, թե չի կարծում, որ դա միակ կամ ճիշտ լուծումն է.

«Կարծում եմ՝ միակ ճիշտ լուծումն այն է, որ կոնկրետ կարողանան գործիքներ գտնել, ճիշտ վերահսկողություն կազմակերպել, իսկ ռուսական ռազմաբազան Գյումրի քաղաքի համար օգուտ է և վնաս չէ»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք պատգամավորը քրեական գործ հարուցելու հիմքեր տեսնո՞ւմ է: Ի պատասխան՝ Մ. Գրիգորյանն ասաց, որ չի կարող այդ հարցին հստակ պատասխանել. «Ավելի ճիշտ կլինի այդ հարցն ուղղել իրավապահ մարմիններին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս