 
                        Գերմանիան 500 մլն եվրո կհատկացնի սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար
 
                                    Սիրիայում ու երկրի հարակից պետություններում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով Գերմանիան մտադիր է ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությանը (UNHCR) հատկացնել հավելյալ 500 միլիոն եվրո, հայտնում է DW-ն: Այս մասին երկրի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է հայտարարել Լոնդոնում կայանալիք ֆինանսական դոնորների համաժողովի ժամանակ:
Լոնդոնում կհավաքվեն ավելի քան 70 պետությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ժամանակ կքննարկվի դրամական միջոցների մոբիլիզացիայի հարցը Սիրիայի քաղաքացիական պատերազմի զոհերի ճակատագիրը թեթևացնելու համար:
ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ համաշխարհային հանրությունը այդ նպատակով պետք է հատկացնի ավելի քան 7 մլրդ եվրո:
Բունդեսթագի արտաքին քաղաքական հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռյոտգեն կոչ է արել մյուս երկրներին անհապաղ օգնել Սիրիային:
«Մարդիկ քաղցած են, մարդիկ մահանում են: Նրանց հիմա օգնություն է հարկավոր, հակառակ դեպքում մահը փողից շուտ կգա»,- dpa գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        