
Հարություն Քուշկյանն այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Նախարարը նախ և առաջ ծանոթացել է կենտրոնի հարևանությամբ կառուցվող Ուռուցքաբանական դիսպանսերի նոր շենքի շինարարական աշխատանքների ընթացքին, շինարարների հետ տեղում քննարկել ընթացիկ հարցերը, մեկ անգամ ևս հստակեցրել աշխատանքների կատարման ժամկետները:
Հանրապետական բժշկական կենտրոնում նախարար Քուշկյանը շրջել է հիվանդասենայակներով, տեղեկացել ստացիոնար բուժում ստացող հիվանդների մասին, բուժանձնակազմի հետ քննարկել առկա խնդիրները:
Համայցի ավարտին նախարարը եղել է նաև, «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում, ծանոթացել երեխաների առողջական վիճակին, զրուցել ծնողների հետ: Իսկ «Արևիկ» մանկական բուժմիավորման պոլիկլինիկական բաժանմունքում Հարություն Քուշկյանն այցելել է Ակնաբուժական համակարգչային կաբինետ:
Հիշեցնենք, որ այս տարվանից նախարարի նախաձեռնությամբ արդեն գործում է կաբինետը, ինչը հնարավորություն է ընձեռում աչքերի ֆունկցիոնալ խնդիրները կարգավորել տեղում:
Հայտնի է, որ տարբեր գործոններով պայմանավորված երեխաները հաճախ տեսողական խնդիրներ են ունենում, որոնք կարգավորվում են համակարգչային հատուկ սարքերի միջոցով:
Ակնաբուժական համակարգչային նոր կաբինետը հագեցած է ժամանակակից ակնաբուժության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
Նախարարը հետաքրքվել է կաբինետների կազմակերպչական աշխատանքներով, առկա և հերթագրված երեխաների թվով: Նրան տեղեկացրել են, որ ծնողներն իրազեկված են, շատ երեխաներ արդեն հերթագրվել են, և տարին մի քանի անգամ նրանց Երևան տանելու անհրաժեշտություն այլևս չկա: