«ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը վտանգված չէ. ամենաուշը մեկ շաբաթից պարզ կլինի համագործակցության ձևաչափը, մոտեցումները». Աղվան Վարդանյան

«Ես կարծում եմ՝ այս երկու-երեք օրվա աժիոտաժը ստեղծվեց հիմնականում լրագրողական համայնքի կողմից, և կարծես թե երեկ արդեն հունի մեջ ընկավ, եթե նկատել եք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներից էլ դա երևում է»,- քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաբարենպաստ երկրներում, անպայման ունենում է հեղինակության կորուստ, ու չի կարող որևէ այլ բան լինել, նույնը վերաբերում է Հայաստանի իշխանություններին:

Դիտարկմանը, թե՝ ՀՀԿ-ն վրդովված է ձեր գնահատականներից՝ Ա. Վարդանյանն այսպես պատասխանեց. «Եթե դուք հետևեիք երեկ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներին, կտեսնեիք լրիվ այլ բան»: Հարցին՝ վտանգվա՞ծ է Ձեր հնարավոր համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, Ա. Վարդանյանն այսպես արձագանքեց. «Մենք մեր աշխատանքը նույն ընթացքով շարունակում ենք, որևէ խնդիր չկա: Մենք քննարկում ենք, հիմնական անելիքները շատ նորմալ գնում են»:

Լրագրողներից մեկի այն հարցին՝ ինչո՞ւ արդյունք չունեք մինչև այսօր, եթե մի քանի շաբաթ է արդեն՝ գնում են քննարկումները, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց, որ մի քանի շաբաթ չէ, երևի թե առավելագույնը տասն օր են գնում քննարկումները. «Մեր լրատվամիջոցներն ամեն ինչ բերում-հասցնում են պաշտոնների, բայց դա չէ էականը, դա չէ էությունը, մենք լրջագույն հարցեր ունենք քննարկելու երկրում փոփոխություններ կատարելու ուղղությունների վերաբերյալ, համաձայնեցնելու մեր մոտեցումները, ու շտապելու բան չկա: Կարծում եմ՝ եթե այսպես շարունակվի, ամենաուշը մեկ շաբաթից մենք կունենանք որոշակի պատկերացումներ մասնակցության ձևաչափի և պատասխանատվությունները ստանձնելու ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս