«Մենք պրոմխներ տվող մարդիկ չենք». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը վստահեցրեց, որ չի անհետացել, եւ իրեն փնտրել հարկավոր չէ. «Ի սեր Աստծո, Ուզունյանը միշտ իր տեղում է»: Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը եւ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը անհետացել են: Բանն այն է, որ վերջիններիս անհետացումը կապված է մի քրեական գործի հետ.
«Ասում են, թե ինչ-որ քրեական գործով Սամվել Ուզունյանն ու Տիգրան Սահակյանը մի բան այն չեն արել, հենց դա էլ դարձել է ճակատագրական: Արդյունքում, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ուզունյանին կանչել ու ասել են՝ դիմումդ գրի, գնա, իսկ վերջինս ընդամենը արձակուրդ գնալու դիմում է գրել ու անհետացել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին էլ համաձայնել են պահել նույն դատարանում՝ դատավորի կարգավիճակով: Եվ այսպես, ինչ վրիպում են ցույց տվել դատարանի նախագահները, որ անհետացել են: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք Ավան եւ Նոր Նորք վարաչկան շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անհետացած նախագահ Սամվել Ուզունյանի հետ:
– Պարո՛ն Ուզունյան, անհետացե՞լ եք, լուրջ խնդիրնե՞ր ունեք: Լուրեր կան, որ արձակուրդի դիմում եք գրել: Ի՞նչ խնդիրներ ունեք:
-Հա, ինչ է պատահել, տեսնում եք՝ ինչքանով եմ անհետացել, 20 տարվա մեջ համարձակվել եմ երրորդ անգամ արձակուրդ գնալ: 2008 թվականին երկու շաբաթով գնացի արձակուրդ, ուրեմն անցյալ տարի մեկ շաբաթով, իսկ, ահա, այս տարի բուժման նպատակով դուրս եմ գալիս, ինձ խաբար են անում, թե ինձ համակարգն է փնտրում: Ի սեր Աստծո, Ուզունյանին փնտրել պետք չէ, Ուզունյանը իր տեղում է:
-Տեղեկություններ կան՝ քրեական գործ է եղել, Դուք, ըստ երեւույթին, գործը ճիշտ ճանապարհով չեք տարել կամ համապատասխան մարդկանց սրտով որոշում չեք կայացրել, ու Ձեզ ցուցում են տվել աշխատանքից ազատման դիմում գրել:
– Բացարձակ, մենք պրոմխներ տվող մարդիկ չենք, պրոմխ են տվել նրանք, ովքեր նման տեղեկություններ են տարածել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: