Թևոսիկի եղբոր սպանության գործից անջատված գործով ամբաստանյալը դատապարտվել է

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործից անջատված գործերից մեկով դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին դատավճիռ է կայացվել:

Քրեական գործը վերաբերում է Տիգրան Ասատրյանին, ով նախաքննության ընթացքում որոշ ժամանակով կալանավորվել էր, ապա կալանքից ազատվել էր, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննական մարմնի որոշմամբ՝ նրա վերաբերյալ գործն անջատվել էր:

Նախնական քննության մարմինը Տիգրան Ասատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրել այն արարքի կատարման համար, որ նա քննությամբ չպարզված անձից և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել է հրազեն հանդիսացող «Նագան» տեսակի 7.62 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող «Նագան» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակների համար նախատեսված 50 հատ 7.62 մմ տրամաչափի մարտական փամփուշտները, 5 հատ 7.62 մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտները, 3 հատ «Ֆ-1» տեսակի նռնակները, 2 հատ «ՈՒԶՌԳՄ» տեսակի և 1 հատ «Ջ-1» տեսակի նռնակների պայթուցիչները, որոնք հայտնաբերվել են վերջինիս տանը 2014թ. փետրվարի 3-ին կատարված խուզարկության ընթացքում: Քրեական գործն ուղարկվել էր դատարան:

Ըստ դատական ակտի՝ մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Տիգրան Ասատրյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու բնույթն ու հետևանքները, միջնորդությունը ներկայացրել է կամավոր` պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո: Մեղադրողը մեղադրական եզրակացությունը հաստատելիս դատական քննության արագացված կարգ կիրառելուն առարկել էր, սակայն դատարանում փոխելով դիրքորոշումը՝ դատական քննության արագացված կարգ կիրառելուն չի առարկել:
Դատարանը որոշում է կայացրել դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին:

Դատարանի վճռով՝ Տիգրան Ասատրյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 8 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավճռով՝ նշանակված պատժին հաշվակցվել է անազատության մեջ գտնվելու 8 ամիս 1 օր ժամկետը, և Տիգրան Ասատրյանի պատիժը համարվել է կրած:

 

 

Տեսանյութեր

Լրահոս