Շեքսպիրի տուն-թանգարանի անգլիացի աշխատակիցը հայերեն է խոսում
Անգլիացի բանաստեղծ, թատերագիր, թատերական գործիչ Ուիլյամ Շեքսպիրի տուն-թանգարանը գտնվում է Մեծ Բրիտանիայի Ստրեդֆորդ քաղաքում, որտեղ էլ 1564 թվականի ապրիլի 23-ին ծնվել է մեծ բանաստեղծը:
arevelk.am-ի փոխանցմամբ՝ օրական երկու հարյուրից ավելի այցելու ունեցող տուն-թանգարանը՝ իր մի քանի մասնաշենքերով, Ստրեդֆորդի գլխավոր տեսարժան վայրերից է, որը այցելուներին տեղափոխում է շեքսպիրյան ժամանակաշրջան. գրական, թատերական, ընտանեկան ավանդույթներով հարուստ պատմական Անգլիայի մի ամբողջ դարաշրջան է ամփոփված Շեքսպիրի տուն-թանգարանի մասնաշենքերում: Տանը, որտեղ ապրել են Շեքսպիրները, ցուցադրված են 1500-1600-ին բնորոշ կահույք, իրեր, ճաշելու և այլ պարագաներ, անձնական իրեր, ըստ նկարագրության վերականգնված է տան ընդհանուր մթնոլորտը, ննջարաններից ուր է որ՝ դուրս կգա ժանյակե օսլայած օձիքով Ուիլյամը՝ փետուրե գրիչը ձեռքին…
Շեքսպիրի հայրական տան թանգարանի աշխատողներից մեկը՝ միսթր Փոլը, բոլոր այցելուներին հարցնում է՝ թե որ երկրից են և ժպտալով ասում, որ կարող է խոսել նրանց մայրենի լեզվով: Նա հավանաբար թանգարանի երկարամյա աշխատողներից է, քանի որ հասցրել է սերտել բազմաթիվ լեզուներով ողջույններ՝ մշակութային հրաշալի այդ կենտրոնի բազմազգ այցելուներին ժպիտ պարգևելու համար, ցույց տալով, որ ինչպես շեքսպիրյան այդ հազվագյուտ կենտրոնը, ժպիտ պարգևելը նույնպես իր երկրի այցեքարտերից մեկն է:
– Ես գրազ կգամ, որ հայերենով ավելի շատ բառեր կարող եմ ասել, քան աշխարհի մյուս լեզուներով,- Հայաստանից գնացածներիս անգլերենով դիմում է պարոն Փոլը:
Միջնադարյան ոճով զգեստավորված նրա խիստ անգլիական արտաքինից հայերենը հնչում է իբրև սյուրռեալիստական բեմադրության տեքստ, որը նա արտիստիկ կերպով արտաբերում է 1500-ականներին կառուցված այդ տանը:
– Բարև Ձեզ: Բարի գալուստ: Բարով եք եկել Հայաստանից: Ես գիտեմ, որ Հայաստանը գեղեցիկ է: Այնտեղ շատ քաղաքներ կան, ինչպես օրինակ՝ Չարենցավանը: Այնտեղ բնակվում է իմ ծանոթուհին՝ Անի Հովհաննիսյանը, ով իմ ճանաչած միակ շեքսպիրագետն է,- հայերենով ասում է Շեքսպիրի տուն-թանգարանի անգլիացի աշխատողը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



