Հացի մեջ հայտնաբերվածը առնետի «կեղտ» չէր. ՍԱՊԾ

Երեկ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության Facebook-յան էջին ուղարկվել էր տեղեկատվություն, ինչպես նաև ԶԼՄ-ում հրապարակվել էր նյութ, ըստ որի հացի մեջ առնետի «կեղտ» է հայտնաբերվել:

Ի պատասխան «Արցախպրես»-ի հարցադրմանը՝ ծառայությունից հայտնել են, որ ստանալով հացի նմուշը ծառայության տեսուչների կողմից այն ուղարկվել է ԼՂՀ «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» ՊՈԱԿ, որտեղ իրականացվել է առնետի կամ որևէ այլ կրծող կենդանուն պատկանող արտաթորանքի կասկածանքով ընդունված հացի նմուշի նկատմամբ զգայորոշման, ինչպես նաև մանրադիտակային հետազոտություն: Արդյունքում՝ ըստ հացին բնորոշ բուրմունքի, խմորին բնորոշ խտության՝ տրվել է փորձաքննության եզրակացություն, որ հացի մեջ օտար մարմինը հացի խմորի վառված կտոր է, որը կարող է անցնել հացի մեջ թավայի պատերի քերծվածքից:

ՍԱՊԾ-ն պատրաստակամությունն է հայտնում՝ նմուշը տրամադրած անձին, իր անմիջական մասնակցությամբ իրականացնել կրկնակի փորձաքննություն: Տվյալ արտադրությանը, որտեղ թխվել է այդ նմուշը, տրվել է համապատասխան հանձնարարական՝ թավաները նորով փոխարինելու մասով, որը կկատարվի սեղմ ժամկետներում:

Ծառայությունը միաժամանակ տեղեկացրել է , որ նշված արտադրությունում առկա է եղել նաև կրծողների դեմ պայքարի պայմանագիրը՝ կնքված ԼՂՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ և տեսչական գործառույթների ընթացքում ամբողջ արտադրության կազմակերպման տարածքում նման տեսակի կեղտ չի հայտնաբերվել:
ՍԱՊԾ-ն նաև կոչով է դիմել քաղաքացիներին , նման պարագայում անձամբ ներկայանալ ծառայություն ներկայացնելով նմուշը՝ իրականությունը պարզելու համար:

Տեսանյութեր

Լրահոս