ՄԱԿ-ը կոչ է անում Անկարային հետաքննել Ջիզրեում քրդերի գնդակահարության դեպքերը
ՄԱԿ-ը պահանջել է Անկարայից հետաքննել թուրէ զինվորականների կողմից անզեն մարդկանց գնդակահարության փաստը, որը ենթադրաբար տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում 10 օր առաջ:
Այս մասին հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը, հայտնում է Euronews-ը: Գերատեսչության ղեկավար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը մասնավորապես հայտարարել է.
«Ես կոչ եմ անում թուրքական իշխանություններին հարգել քաղաքացիական անձանց հիմնարար իրավունքները անվտանգության ոլորտում ու օպերատիվ հետաքննել հարավարևելյան Ջիզրե քաղաքում անզեն մարդկանց ենթադրաբար գնդակահարելու բոլոր հանգամանքները»:
Ալ-Հուսեյնը մասնավորապես կոչ է արել Անկարային հարգել խոսքի ու կարծիքի ազատությունը՝ նշելով, որ Թուրքիայում լրագրողների ու ԶԼՄ-ների մյուս ներկայացուցիչների թիվը, որոնք գտնվում են ճաղերի հետևում կամ սպասում են իրենց որոշմանը, անհանգստացնող է:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հրապարակել էին մի քանի կարճ տեսանյութեր, որոնց հեղինակները պնդում են, որ դրանցում պատկերված են քրդական Ջիզրե քաղաքում սգո արարողության ժամանակ գնդակահարության դեպքերը թուրք զինվորականների կողմից: Տեսանյութից երևում է, որ արարողության բոլոր մասնակիցներն անզեն են:
ՄԱԿ-ն այդ կադրերն անվանել է «չափազանց շոկային» ու «լուրջ անհանգստություն» է հայտնել կապված այն բանի հետ, որ օպերատոր Ռեֆիկ Տեկինը, ով տեսանյութը նկարահանել էր ու վիրավորվել, կարող է կալանավորված լինել:



