«Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ եռանախագահների ջանքերին վնաս հասցնելու համար». Նալբանդյան

«Ադրբեջանը փորձում է մխիթարություն գտնել ինչ-ինչ ձևաչափերում, ինչն այս անգամ ԵԽ ԽՎ-ում ձախողվեց»,- այս մասին այսօր լրագրողների հետ իր 2015թ. արտաքին քաղաքական տարվա ամփոփիչ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԵԽ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանում քննարկված և քվեարկված հակահայկական բանաձևերին և դրա վերաբերյալ ՄԽ եռանախագահների դիրքորոշմանը:

ԱԳ նախարարի կարծիքով` որևէ մեկի համար եռանախագահների մոտեցումը բանաձևերի վերաբերյալ անակնկալ չէր կարող լինել: Նրա խոսքով՝ եռանախագահողները, որոնք միակ միջազգային ձևաչափն են, որը զբաղվում է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններով, բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը, որ փորձերը՝ տեղափոխել հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ ձևաչափեր, կարող է ոչ միայն՝ չնպաստել, այլև՝ վնաս հասցնել հիմնախնդրի կարգավորմանը:

«Նույն բովանդակությամբ հայտարարություն արվեց ԵԽ ԽՎ նստաշրջանի նախաշեմին: Կարծում եմ, որ Ադրբեջանի համար էլ սա անակնկալ չէր կարող լինել: Այլ բան է, որ Ադրբեջանը դժգոհ է, որովհետև այս դիրքորոշումն ուղղված էր Ադրբեջանին, որովհետև ո՞վ է փորձում տեղափոխել այլ ձևաչափեր հիմնախնդրի կարգավորումը, հենց Ադրբեջանը: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ՀՀ-ն բազմիցս ասել է այն, ինչ շեշտում են եռանախագահները, այս հարցում մեր կարծիքները համընկնում են:

Լավ է, որ ԵԽ ԽՎ պատգամավորները թույլ չտվեցին գոնե Ուոլթերի բանաձևն անցնի, նրանք քվեարկեցին խաղաղ կարգավորման օգտին: Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարի հարցին, ապա դա տեխնիկական բնույթ էր կրում, այդ պատճառով քննարկվում էր ոչ թե քաղաքական հանձնաժողովում, այլ սոցիալական հարցերով զբաղվող հանձնաժողովում, չնայած նրան, որ զեկուցողը փորձել էր քաղաքական ձևակերպումներ մտցնել բանաձևի մեջ:

Այն հարցը, թե ինչքանո՞վ ընդունելի է այս բանաձևը,եթե զեկուցողն անգամ չի այցելել, չնայած բազմաթիվ հրավերների, Սարսանգի ջրամբարի վայր, թողնենք նրանց, ովքեր քվեարկեցին այս բանաձևի օգտին: Մենք չէ, Ադրբեջանի ղեկավարությունն է ասում, որ ԵԽ ԽՎ-ի կողմից ընդունված բանաձևերը թղթի կտոր են, մենք չենք ասում այդպիսի բան: Բայց դրա հետ մեկտեղ՝ պետք չէ ուռճացնել այդ կարգի բանաձևերի նշանակությունը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը: Վերջինիս համոզմամբ՝ Ադրբեջանն օգտագործում է այս փաստաթղթերը, որպեսզի ինքն իրեն բացատրություն տա, թե ինչու չի գնում եռանախագահների առաջարկած սկզբունքների և տարրերի հիման վրա բանակցությունների շարունակմանը:

Նրա վստահեցմամբ՝ Ադրբեջանը միտումնավոր անում է ամեն ինչ՝ եռանախագահների ջանքերին վնաս հասցնելու համար, քանի որ այդ ձևաչափի շրջանակներում չի կարողանում սեղանի շուրջ միակողմանի դիրքորոշումները փաթաթել, դուրս է գալիս դեմ ԵԱՀԿ-ին, եռանախագահողներին, Եվրախորհրդին:

«Դուրս գալով այդ բոլոր մոտեցումների դեմ` Ադրբեջանը փորձում է ինչ-որ մխիթարություն գտնել ինչ-ինչ ձևաչափերում, այս անգամ փորձեց այրված սրտի մխիթարանք գտնել ԵԽ ԽՎ-ում, այն էլ չստացվեց»,- ասաց Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս